Հելսինկյան ասոցիացիան մեկնարկում է «Հայաստանում անկախ և թափանցիկ դատական համակարգ ունենալու ճանապարհին» ծրագիրը
2022 թվականի ապրիլի 1-ից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է «Հայաստանում անկախ և թափանցիկ դատական համակարգ ունենալու ճանապարհին» ծրագիրը։ Այն նպատակաուղղված է դատական կառույցների գործունեության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության բարձրացմանը դատական մշտադիտարկման բարելավված մեխանիզմի ու արդյունքների վերաբերյալ նոր զեկույցի միջոցով, որը կներառի դատական համակարգի գործունեության 2021-2022 թվականների համեմատական վերլուծություն և բարեփոխումներին ուղղված նոր առաջարկներ։
Ըստ էության, ծրագիրը նախորդ՝ Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ իրականացված «Իրավական ոլորտում վերապատրաստված երիտասարդ քաղաքացիները որպես անկախ ու թափանցիկ դատական համակարգի երաշխավորներ» ծրագրի տրամաբանական շարունակությունն է։
Ծրագիրը կիրականացվի ՀՀ-ի Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, որտեղ գործում են դատական մշտադիտարկողների մշտական խմբեր։ Հասարակական կազմակերպության փորձառու մշտադիտարկողների աջակցությամբ ու անմիջական ղեկավարությամբ խմբերում ընդգրկված երիտասարդները կշարունակեն զարգացնել իրենց գիտելիքն ու փորձը ոլորտում՝ քրեական գործերով դատավարություններ դիտարկելու նպատակով տեղի դատարաններ այցելությունների, արդյունքների շուրջ աշխատանքային քննարկումների և ոլորտի մասնագետների (ՀՀ ԱՆ ներկայացուցիչներ, դատավորներ, դատախազներ, փաստաբաններ, այլք) հետ փորձի փոխանակման հանդիպումների միջոցով։
Ծրագրի ավարտին կհրապարակվի զեկույց, որում տեղ գտած 2021-2022 թվականների համեմատական վերլուծությունն ու բարեփոխումներին ուղղված նոր առաջարկները կներկայացվեն ինչպես ոլորտի դերակատարներին և շահագրգիռ կողմերին, այնպես էլ հասարակության լայն խավերին։
Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ և Լեհաստանի համերաշխության հիմնադրամի համագործակցությամբ։
Թողնել մեկնաբանություն