Skip to main content

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

2022 թվականի սեպտեմբերի 20-ից «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի» մեկամյա ծրագիրը։ Այն նպատակաուղղված է խրախուսել  հիմնարար իրավունքների պաշտպանությունն ու հարգանքը՝

(ա) ազգային օրենսդրությամբ և քաղաքականություններով, ինչպես նաև ՀՀ-ի կողմից միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների և պարտավորությունների իրականացման առումով երիտասարդների իրավական գիտելիքի և կարողությունների զարգացման արդյունավետ մեխանիզմի գործարկման և

(բ) քաղաքացիական հասարակության, մի կողմից, և դատական ու ոստիկանության համակարգերի, մյուս կողմից, միջև արդյունավետ հաղորդակցման և փորձի փոխանակման հարթակի ստեղծման միջոցով,

այդպիսով ներգրավելով երիտասարդներին քաղաքացիական մասնակցության, քաղաքական բանավեճի և հասարակական պատասխանատվության զարգացման գործընթացներում:

Ծրագիրն իրականացվում է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում,  որտեղ կձևավորվեն յուրաքանչյուրը 20 հոգուց կազմված դատական մշտադիտարկողների խմբեր։

Ծրագրի իրականացման սկզբնական փուլում խմբերում ներգրավված երիտասարդները կմասնակցեն թեմատիկ ուսուցողական դասընթացների, որոնց ընթացքում ձեռք կբերեն գիտելիք և կարողություններ դատաիրավական համակարգի, արդար դատավարության, խոսքի ազատության, խաղաղ հավաքների, դրանց ընթացքում ոստիկանական ուժերի՝ օրենքով թույլատրելի գործողությունների, վարվելաձևի նորմերի, այլ հարակից իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

Հաջորդ փուլերն ընդգրկում են հետևյալ միջոցառումները․

  • այցելություններ տեղի դատարան և ոստիկանության բաժին,
  • փորձի փոխանակման հանդիպում-քննարկումներ դատական համակարգի և ոստիկանության ներկայացուցիչների հետ,
  • մշտադիտարկման փորձ ձեռք բերելու և զարգացնելու նպատակով քրեական գործերով նիստերի մշտադիտարկում տեղի դատարաններում,
  • ոստիկանական ուժերի աշխատանքի մշտադիտարկում տեղերում,
  • հանրային իրազեկման ամփոփիչ քարոզարշավ։

Խմբերում կարող են ընդգրկվել ՀԿ ներկայացուցիչներ, ոչ ՀԿ անդամ իրավապաշտպաններ, ակտիվիստներ, ուսանողներ, ավագ դպրոցի աշակերտներ, վերոնշյալ ոլորտային խնդիրներով, մասնավորապես դատական մշտադիտարկմամբ հետաքրքրված այլ անձինք։

Խմբերում առաջնահերթության կարգով կընդգրկվեն կազմակերպության նախորդ դատական մշտադիտարկման ծրագրերում ակտիվորեն մասնակցած երիտասարդները։ Խմբերը համալրելու նպատակով կըդունվեն լրացուցիչ հայտեր և կընտրվեն այն դիմորդները, ովքեր բոլոր միջոցառումներին ակտիվ մասնակցության ցանկություն կհայտնեն:

Ծրագրին մասնակցության փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել  մեր և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում հնարավոր մասնակցության համար անհրաժեշտ փորձ։ Ծրագրի ավարտին մասնակիցներին կշնորհվի մասնակցության հավաստագիր։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

Դասընթացները կմեկնարկեն 2022թ․նոյեմբեր ամսին։ Մասնակցելու համար դիմել մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, քաղաք, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ ներկայացնում եք որևէ ՀԿ-ի) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ karinetorosyan@hahr.am։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զարգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:

Ծրագիրն իրականացվում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

 

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով