Skip to main content

Դատավորների տեղափոխումը՝ ողջամիտ ժամկետների խախտման պատճառ

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանի գործն արդեն 8 տարի է, որ դատարանում է։  Վերջինս մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։  Այս գործը սկզբում մակագրվել էր  Երեւանի Արբակիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանին։ 9 դատական նիստ անցկացնելուց հետո նախագահող  Լեւոն Ավետիսյանը թոշակի է անցել։ Երկրորդ դատավոր Մարինե Մելքոնյանը  անցկացրած 36 դատական նիստերից հետո գործուղվել է այլ դատարան։ Այս գործով  դատաքննությունն արդեն ավարտվել էր, մնացել էր միայն լսելու ամբաստանյալի վերջին խոսքը, այնուհետեւ դատավորը հեռանալու էր խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու նպատակով։ Գործն արդեն երրորդ դատավորի մոտ է։

Նմանատիպ օրինակները բազմաթիվ են։

Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանին եւ նրա ընկերոջը խոշտանգելու գործով կայացավ  41 դատական նիստ։ Հարցաքննվեցին վկաները, տուժողները, հետազոտվեցին գործում առկա իրեղեն ապացույցները։ Ամբաստանյալների հարցաքննությունը, սակայն, տեղի չունեցավ։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը  տեղափոխվեց  Վերաքննիչ քրեական դատարան։

«Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունից պարզվում է, որ 2016 թվականից Մայիս Խրշոյանի գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում։  Երեք տարի գործը քննելուց հետո դատավոր Գ․ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են 65 տարին լրանալու կապակցությամբ։ Այնուհետեւ գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին։ Վերջինս նույնպես երեք տարի գործը քննել է եւ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թ․ հուլիսի 25-ի ԲԴԽ-72-Ո-226 որոշմամբ լիազորությունները կրկին դադարեցվել են: Գործն արդեն երրորդ դատավորի վարույթում է։

Ներկայացված գործերը պարզապես օրինակներ են, դատական համակարգում շարունակում է լուրջ խնդիր մնալ ողջամիտ ժամկետների խախտման դեպքերը։

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը նմանատիպ շատ գործեր է ունեցել։ Նա  որպես խնդրի արդյունավետ  լուծում առաջարկում է ավարտական փուլում գտնվող գործերով դատական ակտ կայացնելու, ապա դատավորին տեղափոխելու ընթացակարգը։

«Կան գործեր, որ քննության ավարտական փուլում դատավորին տեղափոխում են այլ պաշտոնի, գալիս են, նորից սկսում եւ տարիներով քննում։ Ամենաարդյունավետ ճանապարհը այս պահին դա է։ Դատավորի տեղափոխվելուց հետո,  հատկապես քաղաքացիական գործերը ամիսներով մնում են գրասենյակում եւ նոր դատավորի չեն մակագրվում, իսկ քրեական գործերով, երբ կալանքի տակ անձ կա, լավագույն դեպքում մեկ նիստ է նշանակվում, որը որպես կանոն չի կայանում։ Հաջորդը կարող է նշանակվել երեք ամիս հետո միայն»,- մասնավորապես նշում է Արայիկ Պապիկյանը։

Իսկ նրա գործընկեր Արա Ղարագյոզյանն առաջարկում է, որ դատավորները գործերի քննությունը սկսեն ընդհատման պահից։ «Սա նպատակ է հետապնդում ապահովելու դատարանների ողջամիտ ժամկետները չխախտելու դեպքերը։ Բազմաթիվ են  տեղափոխությունները Վերաքննիչ, Հակակոռուպցիոն դատարաններ։  Տուժողերը երկու անգամ են հարցաքննվում, որը  խոշտանգումների դեպքերում կրկնազոհացում է համարվում»,- ավելացնում է փաստաբանը։

Նոր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, որի ուժի մեջ է մտել 2022թ․ հուլիսի 1-ից, ներդրվել է պահեստային դատավորի ինստիտուտը։

«Հոդված 32. Պահեստային դատավորը
  1. Եթե դատարանում մեղադրանքի քննությունը, դրա բնույթից և ծավալից ելնելով, բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը, մինչև նախնական դատալսումները սկսվելը, այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Դատարանի նախագահը կարող է պահեստային դատավոր չնշանակել, եթե գտնում է, որ տվյալ վարույթով դրա անհրաժեշտությունը բացակայում է:
  2. Նույն վարույթի համար կարող է նշանակվել միայն մեկ պահեստային դատավոր:
  3. Մեղադրանքը քննող դատավորի բացարկի, ինքնաբացարկի, դատավորի լիազորությունների դադարեցման կամ վարույթին նրա մասնակցությունը բացառող այլ հիմքերի առկայության դեպքում պահեստային դատավորը փոխարինում է նրան` շարունակելով վարույթը»:

Սակայն փաստաբաններն այս ընթացքում իրենց գործերով չունեն դեպքեր, երբ պահեստային դատավորներ են նշանակվել։ Ի դեպ, պահեստային դատավորը  պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում:

 

Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիրքորոշումը, որի համընկնումն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով