Skip to main content

«Ազնիվ խոսք մարդ չենք ծեծի»․ Յարոսլավ Նովիկովի գործով դատարանն ու դատախազությունը հավատացել են

 ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է եւս երկու ամսով երկարացնել Բելառուսի Հանրապետության քաղաքացի  24 ամյա Յարովլավ Եվգենիի Նովիկովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը։  Դատարանը  մինչեւ մայիսի 10-ը որոշել է երկարացնել կալանքի ժամկետը՝ բավարարելով դատախազի միջնորդությունը։  

 Մինչ այդ, դատական նիստի ընթացքում փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրել է  ծանրակշիռ փաստական տվյալներ եւ ապացույցներ։ Դատարանին ներկայացվել է  տեղեկություն, որ Յարոսլավ  Նովիկովն  արդեն իսկ դիմել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան ստանալու խնդրանքով։ Նրա հանձնման ռիսկերի և քաղաքական շարժառիթներով հետապնդումների մասին ՀՀ իրավասու մարմնին ներկայացվել է նամակ՝ Ժողովրդավարական Բելառուսիա առաքելության ղեկավարի կողմից։

Դատարանին պաշտպանական կողմը նաեւ հայտնել է, որ  ՄԱԿ-ի ԳԱ և ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևերի, եվրոպական մի շարք երկրների կառավարությունների՝ Բելառուսում տիրող մարդու իրավունքների խախտումների մասին հայտարարությունների մասին, Բելառուսի Հանրապետությունում շուրջ 1500 քաղբանտարկյալների մասին, որոնցից երկուսը սույն թվականի մարտ ամսվա ընթացքում մահացել է բանտարկության մեջ գտնվելու ժամանակ։

«Ներկայացնելով այդ ամենը հիմնավորապես հաստատել (փաստերով ապացուցել) ենք, որ Բելառուսի քաղաքացիների հարկադիր վերադարձը միջազգայնորեն ճանաչել է վտանգավոր նրանց կյանքի համար։ Եթե Դատարանը որոշի բավարարել միջնորդությունը և կիրառի Կոնվենցիայի 118-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, ապա  կվնասի ՀՀ-ի ինքնիշխանությանն  ու անվտանգությանը։

Դատարանի կողմից Կոնվենցիայի 118-րդ հոդվածի կիրառումն ինքնին աննախադեպ է. նախ այն վկայում է, որ ՀՀ դատարանը ստորադասել է Եվրոպական կոնվենցիան Քիշնևի կոնվենցիային, ինչն ուղղակի անթույլատրելի է։ Այսպիսով, Դատարանը նաև վնասել է ՀՀ-ի ինքնիշխանությանն ու անվտանգությանը»,- վերաքննիչ բողոքում նշել է Արայիկ Պապիկյանը։

  Ըստ նրա՝ ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ Քիշնևի կոնվենցիայի մասնակից երկրներից Բելառուսը, Ղազախստանը և Ղրղստանը չեն հանդիսանում Եվրոպական կոնվենցիայի անդամ (միացած), իսկ Ադրբեջանը թեև միացել է, սակայն հաշվի առնելով այդ երկրների հետ ՀՀ-ի հարաբերությունների վիճակը, կարելի է նկատել, որ ՀՀ դատարանը ապօրինաբար կատարելով Քիշնևի կոնվենցիան մյուս մասնակից բռնապետական երկրների քննիչների պահանջով, վնասում է ՀՀ-ի ինքնիշանությանն ու անվտանգությանը։

   Արայիկ Պապիկյանը դատարանում նաեւ նշել է, որ Յարոսլավ Նովիկովին Բելառուսի Հանրապետություն հանձնելու դեպքում առկա է վերջինիս սպառնացող վտանգ։ Իսկ դատարանը փաստել է, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազությունը երաշխավորել է, որ միջազգային իրավունքի նորմերի համապատասխան՝ Յարոսլավ Նովիկովին կտրամադրեն պաշտպանության բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ փաստաբանների օգնությունը, նա չի ենթարկվի խոշտանգումների, դաժան անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։

«Այս հատվածը թերևս որոշման ամենաանտրամաբանական և ոչ իրավական պատճառաբանությունն է. բելառուսները ասել են՝ «ազնիվ խոսք, մարդ չենք ծեծի» և մեր Դատարանն ու դատախազությունը հավատացել ու սրբորեն ընդունել են այդ ազնիվ խոսքը։ Իսկ ինչ այլ տարբերակ կարող էր լինել. օրինակ՝ ՀՀ Դատարանը (դատավորը) կամ դատախազը երբևէ ստացել են այլ հավաստիացում, օրինակ՝ պահանջող կողմը հավաստիացրել է, որ կծեծեն, կխոշտանգեն, կթողնեն առանց փաստաբանի։ Բողոքարկվող որոշման մեջ որպես պատճառաբանություն գրել այս ամենը և դա այն լույսի ներքո, երբ պաշտպանը Դատարանին ներկայացնում է Ժողովրդավարական Բելառուսիա առաքելության ղեկավարի տրամադրած նամակը, հղում կատարում ՄԱԿ-ի ԳԱ A/HRC/52/68 և ԵԽԽՎ-ի 2499(2023) բանաձևերին, հայտնում է Բելառուսում 1470-ից ավելի քաղբանտարկյալների ու միայն 2024 թվականի մարտ ամսվա ընթացքում Բելառուսում կալանավորված կամ դատապարտված երկու քաղբանտարկյալների մահացած լինելու մասին, առնվազն անհասկանալի են դարձնում Դատարանի իրականացրած քննության տրամաբանությունը։ Ի վերջո, եթե բելառուսական կողմը Յարոսլավ  Նովիկովի համար երաշխիքներ է տալիս «միջազգային իրավունքի նորմերի համապատասխան», ապա այդ որ նորմի մասին է խոսքը՝ եվրոպական, թե՞ ՄԱԿ-ի, որոնց անդամությունը Բելառուսը կամ չունի կամ շատ վաղուց, 1990-ականներից սկսած (երբ Լուկաշենկոն դարձավ հավերժ նախագահ) անտեսել և առ է համարել»,- վերաքննիչ բողոքում նշել է Արայիկ Պապիկյանը։

  Եւ սա այն դեպքում, երբ շուրջ 40 օր նա կալանքի տակ է ՀՀ բանտում, և Բելառուսից ոչ ոք չի հետաքրքրվել իր քաղաքացու մասին։

  Արայիկ Պապիկյանը Վերաքննիչ դատարանի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ որոշման հիմքում դրված նյութերից պարզ է դառնում, որ պաշտպանյալը կալանավորված է քննիչի որոշման հիման վրա։

«Այսինքն՝ գործ ունենք Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա), ինչպես նաև ՀՀ ազգային (ներպետական) օրենսդրությանն ուղղակիորեն հակասող և քրեական իրավունքին խորթ իրավիճակի հետ։  Արդարադատության իրավասու հիմնարկ կարող է հանդիսանալ բացառապես դատարանը և միայն դատարանը, հետևապես գոյություն չունի պաշտպանյալիս կալանքի վերաբերյալ թույլատրելի կամ վերաբերելի որևէ հիմք, և այդպիսին նշված չէ նաև Դատարանի որոշման կամ դատախազի միջնորդության մեջ»,-  գրել է Արայիկ Պապիկյանը։

Հիշեցնենք, որ  Դատարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը, և փետրվարի 5-ին 40-օրյա ժամկետով կալանավորել Յարոսլավ Նովիկովին, որին Բելառուսում մեղադրում են զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։ ԱՊՀ տարածքում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված։Փաստաբան Արայիկ Պապիկյանը Վերաքննիչ քրեական դատարանին խնդրել է հատուկ վերանայման բողոքն ընդունել վարույթ։  Բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ դրա ակնհայտ ոչ իրավաչափ լինելու հիմքով եւ կայացնել փոխարինող դատական ակտ՝ Յարոսլավ Նովիկովին անհապաղ ազատելով կալանքից։

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով