Դատավորի “հարգալից” վերաբերմունքը ամբաստանյալի նկատմամբ
Դատարանի շենքի դիմաց ամբաստանյալի պաշտպան Գայանե Խաչատրյանը նկատել է շտապօգնության մեքենա. ամբաստանյալ Խ. Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Շտապօգնությունը ժամանել է 2 անգամ: Ամբաստանյալի ճնշումը բարձրացել էր 140 -100, նա փսխել է:Սակայն շտապօգնության բժիշկը նրան ներարկել է ցավազրկող և թողել, հեռացել: Այնուհետև դատարան է ներկայացվել 2 փաստաթուղթ, որտեղ առանց բժշկական և գործիքային / Էլեկտրոսրտագիր/ հետազոտության նշվել է, որ ամբաստանյալ Խ. Հովսեփյանի առողջական վիճակը բավարար է, սրտային որևէ պաթոլոգիա չունի և կարող է մասնակցել դատական նիստին: Սակայն ամբաստանյալի վիճակը գնալով վատացել է, իսկ դատավոր Մ.Մակյանը, հիմնվելով այս փաստաթղթի վրա՝ հայտարարել է՝ “Ոտ ու ձեռից բռնեք, քաշեք բերեք դահլիճ, ինչ ա նշանակում չի կարող մասնակցել”: Այսինքն այն դատահոգեբուժական փորձաքննությունը, համաձայն որի Խ. Հովսեփյանը կարիք ունի բուժման, անտեսվեց դատավորի կողմից, իսկ ինչ-որ կիսագրագետ բժշկի արձանագրությունը, որը հիմնավորված չէ որևէ գործիքային կամ այլ հետազոտություններով, հիմք հանդիսացավ դատարանի համար կասկածել ամբաստանյալի առողջական վիճակի վրա և նման կոպիտ արտահայտություն անել ամբաստանյալի նկատմամբ:
3-րդ շտապօգնության մեքենան այդպես էլ չի եկել: Դատավորը նախազգուշացրեց Խաչիկ Հովսեփյանին, որպեսզի նա գա և մասնակցի դատական նիստին, սակայն ամբաստանյալը այդպես էլ չկարողացավ մասնակցել առողջության վատթարացման պատճառով, որից հետո դատավորը որոշում կայացրեց դատական նիստը շարունակել առանց ամբաստանյալի: Նիստը շարունակվում է:
Թողնել մեկնաբանություն