Դատավորը մերժեց Արման Վեզիրյանի փաստաբանի միջնորդությունը. դատը շարունակվում է
Ըստ փաստաբանի՝ հիմքն այն է, որ Բաղդասարյանն այս գործում անկողմնակալ է, քանի որ դատավորը մերժել էր դատախազի բացարկի մասին կողմի միջնորդությունը: Վկայակոչելով քրեական օրենսգիրքը` Կարապետյանցն ասել է, որ այս գործը չէր կարող հարուցված լինել ու դատարան մտած լինել, քանի որ բացակայում է տուժող կողմի բողոքը: «Ուստի Վեզիրյանի դեմ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, ու գործը կարճվի: Իսկ մեր միջնորդությունը դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, թե «կա բավարար ապացույցների համակցում, որը թույլ է տալիս Վեզիրյանի դեմ մեղադրանք առաջադրել: Նման ձևակերպում դատարանը կարող էր անել միայն վճռով»,- ասել է փաստաբանը:
Կարապետյանցը նաև հիշեցրել է Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ վերջերս ԱԺ-ում արած հայտարարությունը, որում ասվել էր, որ գործեր չեն կարող հարուցվել այն դեպքում, եթե բողոք չկա: Եզրափակելով միջնորդությունը` Կարապետյանցը նշել է, որ իրավապաշտպանի դեմ գործը քաղաքական ենթատեքստ ունի, այն հարուցվել է դատախազության թելադրանքով, իսկ այժմ էլ դրան մասնակից է դառնում դատարանը, որն էլ, սակայն, միայնակ է կրելու ողջ պատասխանատվությունը, քանի որ կողմը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան:
Գործով մյուս մեղադրյալ Տիգրան Մանուկյանի փաստաբան Մարինա Թովմասյանը միջնորդությանն առարկել է՝ ասելով, որ գլխավոր դատախազի ելույթներ մեջբերել պետք չէ, քանի որ կա քրեական օրենսգիրք, և իրավապաշտպանի դեմ գործի հարուցման համար քաղաքական ենթատեքստ չկա, քանի որ իր պաշտպանյալը քաղաքական գործիչ չէ:
Նելլի Բաղդասարյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել է իր դեմ միջնորդությունը` այն որակելով անհիմն:
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է ապրիլի 30-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպին: Սեդրակ Սարգսյանի փողոցում թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել մոտ 45 տարեկան Տիգրան Մանուկյանը, և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Վեզիրյանի և բուկլետները բաժանող ակտիվիստների խոսքով՝ այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Երկու ամբաստանյալների դեմ էլ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Նշենք, որ Մանուկյանը բողոքել է միայն այն բանից հետո, երբ իրավապաշտպանի դիմումի հիման վրա իր դեմ ևս գործ է հարուցվել՝ նշելով, թե Վեզիրյանը նույնպես իրեն հարվածել է: Իրավապաշտպանը հերքում է այդ մեղադրանքը:
Տեղեկատվությունը` Epress.am-ի:
Թողնել մեկնաբանություն