Skip to main content

Նիստը հետաձգվեց մեղադրյալի բացակայության պատճառով. նա դատարանի բակում էր

Հիշեցնենք, որ դեռ նախորդ դատական նիստին պետք է հրապարակվեր մեղադրականը և գործով վճիռը, սակայն դատավոր Նելլի Բաղդասարյանը հետաձգել էր նիստը՝ բավարարելով  դատախազ Աբրահամյանի միջնորդությունը: Որոշման հիմքում ընկած էր այն փաստը, որ նման գործ, որտեղ ծեծկռտուք կա, սակայն չկա տուժող, իրավական առումով դժվար է քննել, ուստի անհրաժեշտ է սպասել նման այլ գործով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման կայացմանը:

Այսօր Արման Վեզիրյանի փաստաբան Անի Թորոսյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախադեպային վճիռը կայացվել է: Համաձայն Վճռաբեկի որոշման՝ մեկ հարվածը չի համարվել ծեծ, իսկ այդ տրամաբանությունը ենթադրում է, որ  Արման Վեզիրյանի ենթադրյալ արարքում ևս հանցակազմը բացակայում է:

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է ապրիլի 30-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպին: Սեդրակ Սարգսյանի փողոցում թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել Տիգրան Մանուկյանը և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Վեզիրյանի և բուկլետները բաժանող ակտիվիստների խոսքով՝ այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Երկու ամբաստանյալների դեմ էլ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):

Նշենք, որ Մանուկյանը բողոքել է միայն այն բանից հետո, երբ իրավապաշտպանի դիմումի հիման վրա իր դեմ ևս գործ է հարուցվել՝ նշելով, թե Վեզիրյանը նույնպես իրեն հարվածել է, սակայն ինքը տուժող չի հանդիսանում:

Իրավապաշտպանը հերքում է այդ մեղադրանքը:

 

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով