Skip to main content

“Կինոմոսկվայի” գործը ստանում է կանխատեսելի ընթացք

Դատական նիստի ընթացքում տուժողի ներկայացուցչի՝ Հ.Ազատյանի հարցաքննման ժամանակ պաշտպանական կողմը հայտարարեց, որ տուժողի ներկայացուցչի՝ նախորդ դատավարության և ներկայիս նիստի ժամանակ տված ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ: Դատավորը որոշեց, որ պետք է լսվեն նախորդ դատավարության ընթացքում տուժողի ներկայացուցչի կողմից տրված ցուցմունքների ձայնագրությունը: Սակայն ձայնագրությունը լսելուց հետո դատավորը խոչընդոտեց հակասությունների պարզաբանման նպատակով պաշտպանների կողմից հնչեցված հարցերին, մասնավորապես՝ դատավորի կողմից հանվում էին որոշ հարցեր, որոնց չէր կարողանում պատասխանել տուժողի ներկայացուցիչը, ինչպես նաև վերջինիս տալիս էր ուղղորդող հարցեր: Դատական նիստի ողջ ընթացքում մեղադրող կողմը պասիվ էր իրեն պահում և հեգնանքով վերաբերվում պաշտպանական կողմի գործողություններին: 

Դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց մեղադրող կողմի նախաձեռնությամբ՝ պատճառաբանելով, որ  այլ նիստի պետք է մասնակցի: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին, ժամը 15:30-ին:

Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է իր ընկերոջ՝ Վահրամ Քերոբյանի հետ միասին “Մոսկվա” կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ: Գողությունը “Մոսկվա” կինոթատրոնում կատարվել է 2010թ. հունվարի 10-ին, սակայն քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին: Այդ ընթացքում Ս. Հովակիմյանը 2 անգամ, առանց պատշաճ ծանուցման եւ որեւէ արձանագրություն կազմելու, կանչվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, ենթարկվել է խոշտանգումների՝ իր եւ իր ընկերների դեմ ցուցմունքներ կորզելու նպատակով: Սակայն նա նման ցուցմունքներ չի տվել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով