Skip to main content

Ինքնավնասու՞մ, թե՞ ինքնասպանության փորձ

Ռ. Միքայելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ վերջինս մարտ ամսին  իր ծառայակիցների կողմից ծեծի, վիրավորանքի ենթարկվելուց հետո երակները կտրելու միջոցով փորձել էր ինքնասպան լինել: Նախաքննության մարմինը, անտեսել է այն փաստը, որ Միքայելյանի նկատմամբ ծառայակիցները պարբերաբար նվաստացուցիչ վերաբերմունք են ցուցաբերել, որից դրդված վերջինս կտրել է ձեռքի երակները: Այդ վատ վերաբերմունքի պատճառ է հանդիսացել նույն զորամասում անցյալ տարի տեղի ունեցած մեկ այլ դեպք, որի առթիվ հարուցված քրեական գործով Ռ.Միքայելյանը որպես վկա ցուցմունք  է տվել և նախաքննության մարմնին հայտնել իրեն հայտնի հանգամանքները:

 

Վերջինիս ծեծի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտ Սուրեն Մխիթարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1 մասով, իսկ մյուսների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով: Մինչդեռ քրեական գործի նյութերով և վկաների ցուցմունքներով հիմնավորվում է, որ ծառայակիցները Ռ.Միքայելյանին վատ են վերաբերվել, դիմել են հայհոյանքներով և անգամ ծաղրել են վերջինիս կրոնական կրթություն ունենալու համար, անունը տալու փոխարեն   դիմել են “Տերտեր”:

2012թ.-ի օգոստոսի 7-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապան քաղաքի նստավայրում դատական նիստ էր նշանակվել, որը հետաձգվեց մեղադրողի և գործով մյուս ամբաստանյալ` Ս.Մխիթարյանի ու նրա պաշտպանի բացակայության պատճառով: Հատկանշական է, որ դատարանը գնահատական չտվեց այն փաստին, որ մյուս ամբաստանյալը, որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված էր ստորագրություն չհեռանալու մասին, թեև պատշաճ ծանուցվել էր, սակայն առանց հարգելի պատճառների դատական նիստին չէր ներկայացել: Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2012 թվականի սեպտեմբերի 1 2-ին ժամը 14-ին:

Հիշեցնենք, որ 29.06.2012 թ-ին Ռ.Միքայելյանի մայրը և տատը հացադուլ էին հայտարարել ՀՀ Կառավարության շենքի մոտ, որի ընթացքում տատի առողջությունը վատացել էր և վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց:

Լուսանկարում՝ Ռուբեն Միքայելյանի մայրը՝ Շամիրամ Միքայելյանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով