Արման Վեզիրյանի 05.09.2012թ.-ի դատավարությունը. Նինա Կարապետյանց
Ըստ Արման Վեզիրյանի պաշտպան Նինա Կարապետյանցի՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի՝ ծեծը համարվում է կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածով սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց վերաբերյալ` «քրեական գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա», այդ ցանկում ընդգրկված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածը:
Արման Վեզիրյանին մեղադրանք առաջադրելուց հետո, սույն քրեական գործով որևէ մեկը տուժող չի ճանաչվել, ինչպես նաև գործում բացակայում է որևէ մեկի բողոքը: Համաձայն նույն օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանք է համարվում, եթե «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերով բացակայում է դիմողի բողոքը»:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը:»
Իսկ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 4-րդ մասի՝ մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:
Ակնհայտ է, որ այս ամենից ելնելով մեղադրողը, իսկ վերջինիս կողմից նման «ցանկություն» չհայտնելու դեպքում դատարանը ոչ թե կարող էր, այլ պարտավոր էր Ա.Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ա.Վեզիրյանի մասով քրեական գործը կարճելու մասին որոշում կայացնել:
Հասկանալով, որ ո՛չ դատախազը, ո՛չ դատարանը նման «ցանկություն» չունի, և ոչ մեկը, ոչ մյուսը չի ցանկանում իր վրա վերցնել Ա.Վեզիրյանի վերաբերյալ հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու «պատասխանատվությունը» պաշտպանական կողմը նման միջնորդությամբ հանդես եկավ:
Մատնանշելով վերը նշվածը և մանրամասն վերլուծելով գործող օրենսդրությունը՝ պաշտպան` Ն.Կարապետյանցը միջնորդել է դատարանին Ա.Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Ա.Վեզիրյանի մասով քրեական գործը կարճելու մասին: Միջնորդությունը ավելի քան հիմնավորված էր, քանի որ օրենքից բերված մեջբերումները կրում են իմպերատիվ բնույթ և թույլ չեն տալիս կամայական մեկնաբանության:
Դատարանը միջնորդությունը մերժեց՝ համարելով այն անհիմն: Միջնորդության գրավոր մերժումը դեռ չի ստացվել. ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ:
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին:
Թողնել մեկնաբանություն