Skip to main content

Արման Վեզիրյանի գործն ուղարկվել է դատարան. փաստաբանը պատմել է ապօրինությունների մասին

 

«Օրենքին համապատասխան մենք հուլիսի 10-ին ներկայացրեցինք հինգ միջնորդություն. մեկը բավարարվեց, չորսը մերժվեցին: Հիմնական միջնորդությունները, որոնք, մեր կարծիքով, ավելի կարևոր են, մերժվեցին: Ըստ օրենքի՝ եթե կողմը համաձայն չէ մերժումների հետ, ապա երկու օր ժամանակ ունի՝ բողոքարկելու դատախազին: Եվ ուղղակի բառացի գրված է` մինչև բողոքի լուծումը, գործը չի կարող ուղարկվել դատարան: Հուլիսի 13-ին՝ այդ երկու օրը դեռ չլրացած, բողոք ենք ներկայացնում այդ չորս մերժված միջնորդությնունների վերաբերյալ Շենգավիթի դատախազին, իսկ  Շենգավիթի դատախազության գրասենյակը կատեգորիկ հրաժարվում է ընդունել մեր բողոքները` ասելով, որ գործը արդեն գնացել է  դատարան: Հարցին, թե ինչպես կարող էր գնալ, գրասենյակը, բնականաբար, պատասխանում է, որ ինքը տեղյակ չէ և առաջարկում է  հանդիպել  վերահսկող դատախազին` Առաքելյանին: Եվ ենթադրվում է, որ պետք է գիտակ մարդ լինի, պատահական մարդը չպիտի լինի դատախազի տեղակալ: Առաքելյանն  ինձ ընդունեց և շատ զարմացած փորձում էր ճշտել, թե այդ որ օրենքից ելնելով  ինքը այդ երկու օրը պետք է սպասի, որ նոր ուղարկի դատարան: Ինքը այդպես  էլ չհամոզվեց, որ ես իրականում ճիշտ եմ, և դա օրենքի պահանջն է, ոչ թե իմ քմահաչույքը, չընդունեց»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է Կարապետյանցը:

Վերջինս ստիպված է  եղել զանգահարել ՄԻՊ-ի գրասենյակ, որի աշխատակցիներն արագ արձագաքնել են, բայց նրանց թույլ չեն տվել մտնել Շենգավիթի դատախազություն:

Դրան հաջորդում է այն, որ Կարապետյանցին է զանգահարում քննիչ Շառոյանը, որ նա մեղադրական եզրակացություն ունի հանձնելու, ինչը շատ մեծ զարմանք է առաջացրել փաստաբանի մոտ, քանի որ, նրա խոսքով, այդքան արագ տեմպերով չէր կարող ամեն ինչը տեղի ունենալ:

«Հետո մեղադրական եզրակացությունը ստանալու ժամանակ, պարզվեց, որ ամսաթիվը հուլիսի 12-ին է գրված, այսինքնը՝  երկու օրվա ընթացքում բողոքարկելու մեր իրավունքը խիստ ոտնահարվել է»,- ասել է Նինա Կարպետյանցը և հավելել, որ իրենք պատրաստվում են բողոք գրել ՀՀ գլխավոր դատախազին` կապված դատախազների պրոֆեսիոնալիզմի հետ, ինչպես նաև խնդրելու են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, որ իրենք էլ, իրենց հերթին, հետամուտ լինեն, քանի որ խոչընդոտվել է  նաև իրենց գրասենյակի աշխատակիցների մուտքը դատախազություն:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով