Հերթական զինվորի մահը ԼՂՀ ՊԲ-ում
Մասնակցելով Րաֆֆի Մարաշլյանի դիահերձմանը՝ Ռուբեն Մարտիրոսյանը պարզել է հետևյալը. զինծառայողը մահացել է գլխի շրջանում ստացած մեկ հրազենային կրակոցից: Կրակոցի մուտքը եղել է կոկորդի շրջանում, ելքը՝ ծոծրակագագաթային մասում, ունեցել է գլխի առանցքի հանդեպ կտրուկ ներքևից վերև ուղղվածություն: Հաշվի առնելով, որ զինվորի վրա այլ վնասվածքներ չեն հայտնաբերվել՝ ներկա պահին հնարավոր չէ ասել, թե իրականում ինչ է կատարվել՝ սպանել են զինվորի՞ն, թե՞ նա ինքնասպանություն է գործել: Դրա հետ մեկտեղ Ռ. Մարտիրոսյանը խիստ կասկածի տակ է դնում զորամասի հրամանատարի բանավոր պատմածը, համաձայն որի՝ այդ օրը նշված սահմանային գոտում տեղի էր ունենում հերթափոխ, մի գումարտակի զինծառայողներին փոխարինում էին մեկ այլ գումարտակի զինծառայողներ, ինչի նպատակով հենակետին էր մոտեցել զինվորական ավտոբուսը: Ըստ հրամանատարի՝ հերթափոխն ավարտած զինվորները միմյանցից 40մ հեռավորության վրա մեկ առ մեկ շարժվում էին դեպի ավտոբուսը: Այդ ժամանակ էլ հնչել է կրակոցի ձայնը, զինվորները վազելով մոտեցել են և տեսել ինքնասպան եղած Րաֆֆիին: Սա ըստ Ռ. Մարտիրոսյանի բացահայտ սուտ հեքիաթ է. նախ այն պատճառով, որ զինվորները կալանավորներ չէին, որպեսզի հրամանատարի նշած հեռավորությունը պահպանելով շարժվեին և երկրորդ՝ զինվորները ոչ թե ոլորապտույտ խրամուղիներով պետք է գնային դեպի ավտոբուսը, այլ պետք է դուրս գային գետնատնակից, որն առավել մոտ էր գտնվում ավտոբուսին: Մինչ ավտոբուս նստելը նրանք պետք է վերցնեին իրենց զենքն ու զինամթերքը և անձնական իրերը, մասնավորապես՝ հիգիենայի պարագաները: Ըստ Ռ. Մարտիրոսյանի դեպքի վայրը փոխվել է, որպեսզի հանվեն դեպքին ականատես վկաները, որոնք ամենայն հավանականությամբ եղել են:
Ռ. Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ գործը քննվում է ՀՀ ՊՆ ՔԾ 3-րդ կայազորային բաժնում, քննիչ՝ Իգիթյան: Սա թույլ է տալիս Ռ. Մարտիրոսյանին կանխավ կասկածի տակ դնել նախաքննության օբյեկտիվությունը: Պատճառն այն է, որ նշված քննիչը քննել և քննում է 2011 թ.-ի օգոստոսի 26-ին ԼՂՀ թիվ 38862 զ/մ-ում (“Եղնիկներ”) սպանված Աղասի Գեղամի Աբրահամյանի գործը: Համաձայն Ռ. Մարտիրոսյանի՝ Իգիթյանը նշված գործով կատարել է ակնհայտ կեղծ, հանցավոր քննություն, ինչի արդյունքում մինչ օրս Աբրահամյանին սպանած անձինք չեն հայտնաբերվել և քրեական պատասխանատվության չեն ենթարկվել: Նշենք, որ այդ անձանց ենթադրյալ մարդասպանների անուն, ազգանունները հայտնի են քննչական մարմնին, սակայն նրանք ինչպես նաև ՔԾ պետ Արմեն Հարությունյանը ակնհայտորեն շահագրգռված չեն տվյալ ոճրագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մեջ: Նշված գործը քննվել և քննվում է քր. դատ. օր.-ի կոպիտ ոտնահարումներով, ինչի մասին են վկայում քր. գործի նյութերը: Ասենք, որ սույն գործով մի քանի տասնյակ զինվորներ ապօրինաբար պահվել են Ստեփանակերտի ՌՈ-ում և գործից պարզ երևում է, որ նրանցից կորզվել են կեղծ ցուցմունքներ:
Հելսինկյան Ասոցիացիան և մանսավորապես փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը հետևելու են գործի ողջ ընթացքին, որպեսզի կատարվի օբյեկտիվ քննություն և պատժվեն կատարվածի մեջ իրական մեղավոր անձինք:
Թողնել մեկնաբանություն