Skip to main content

Տեղեկանք Ա.Նազարյանի գործով

 Նշենք, որ հունիս-հուլիս ամիսների ընթացքում այս նույն դատավորները կոծկել են ևս երկու գործեր` Թորգոմ Սարուխանյանի սպանության փաստով (կեղծ ինքնասպանության վարկած) հարուցված քրեական գործը /նախագահող` Կարինե Ղազարյան/ և Ալբերտ Ադիբեկյանի սպանության փաստով հարուցված քրեական գործը /նախագահող` Հենրիկ Տեր-Ադամյան/: Խորհրդաշնական է, որ այս երեք գործերն էլ վարույթ ընդունելով, որոշում է կայացվել` դրանք քննել վճռաբեկության կարգով: Սա ենթադրում է, որ այս գործերով կատարվել են օբյեկտիվ, բազմակողմանի քննություններ, ձեռք են բերվել բավարար ապացույցներ վճիռներ կայացնելու համար: Միաժամանակ վճռաբեկության կարգը ենթադրում է, որ դատարանը հրաժարվում է լսել այլ վկաներ և հետազոտել նոր ապացույցներ: Սա այն դեպքում, երբ բոլոր 3 գործերում առկա են աղաղակող անօրինականության փաստեր, որոնց մասին տուժող կողմը բազմիցս տեղեկացրել է պետական բոլոր պատկան մարմիններին: 

Ա. Նազարյանի գործով տուժող կողմը ՀՀ գլխավոր դատախազին է ուղարկել 30-ից ավելի հաղորդումներ նախաքննական մարմնի և առաջին ատյանի դատարանի դատավոր Մարդանյանի կողմից կատարված հանցագործությունների մասին, որոնցից և ոչ մեկը չի մերժվել և որոնք սակայն ոչ մեկի կողմից քննության չեն առնվել:
Դատական նիստը սկսվեց մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանի ելույթով, ով դատարանին միջնորդեց մերժել կողմերի պահանջը` գործը վերաքննության կարգով լսելու վերաբերյալ: Մեղադրողն առարկեց տուժող կողմի ներկայացրած միջնորդությունների դեմ և հայտարարեց, որ տուժող կողմի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի այն պնդումները, թե Արտակ Նազարյանը մահվանից ոչ ավելի, քան 6 ժամ առաջ և մահվանից ոչ շատ առաջ ծեծվել ու խոշտանգվել է, սուտ են, մերկապարանոց և նրա վառ երևակայության արգասիք: Մինչդեռ նշված վնասվածքների մասին տեղեկացնում է դատաբժիշկ Ադամյանն իր` դիակի դատաբժշկական փորձագիտական եզրակացության մեջ:
Այսպիսով, նախաքննական մարմինը նույն Հ. Հարությունյանի հսկողությամբ ոչ միայն քննության չի առել այս կարևորագույն փաստը, այլև դատարանում նույն մեղադրող Հ. Հարությունյանը հայտարարում է, թե քանի որ քննությամբ չի պարզվել, թե ինչի արդյունք են 50-ից ավելի մարմնական վնասվածքները, ուրեմն չի կարելի պնդել, թե դրանք արդյունք են ծեծի ու խոշտանգումների:
Հ. Հարությունյանի այս խոսքը հավասարակշռությունից հանեց Ռ. Մարտիրոսյանին, ով հայտարարեց, որ Հ.Հարությունյանը հանցագործ է: Նախագահող Գ. Մելիք-Սարգսյանը Մարտիրոսյանին հորդորեց անձնական վիրավորանքներ չհասցնել մեղադրողին: Արձագանքելով նախագահողի կոչին` Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ սույն գործը քննվել է և կոծկվել է ՀՀ ՊՆ ՔԾ պետ Արմեն Հարությունյանի, զինդատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով և հանցագործներ են ինչպես վերը նշված պաշտոնյաները, այնպես էլ նրանց ստորադասները` քննիչները և դատախազները, որոնցից մեկը հենց նախաքննության ընթացքում քրեական գործը հսկած դատախազ, ներկայումս մեղադրող Հ. Հարությունյանն է: Ավելացրեց նաև, որ նշված 2 պետական կառույցները ՀՀ ՊՆ ՌՈ հետ մեկտեղ ամբողջապես կոռումպացված, հանցավոր մարմիններ են: Եթե դատարանը գտնում է, որ Ռ. Մարտիրոսյանը ստում է, վարկաբեկում է պետական մարմիններին, ապա կարող է համապատասխան հաղորդում ուղարկել` միջնորդելով, որպեսզի նրան ենթարկեն պատասխանատվության:
Միջնորդությունների դեմ մեղադրողի առարկելուց հետո Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարությամբ հանդես գալու ցանկություն հայտնեց: Նախագահող դատավորն ի պատասխան ասաց, որ դատարանը հարգելով նրան, կտա այդ հնարավորությունը, սակայն Հ. Հարությունյանի խոսքի ավարտից անմիջապես հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` այդպես էլ հնարավորություն չտալով, որպեսզի կողմերը դատախազի ասածի կապակցությամբ ներկայացնեն իրենց առարկությունները:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից` դատարանը մերժեց պաշտպանների և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունները` կրկնակի հետմահու դատահոգեբանական, դատատեսաձայնագրային փորձաքննությունների և քրեական գործով ձեռք բերված բոլոր 32 ապացույցներն անթույլատրելի ճանաչելու պահանջի մասին: Մերժեց նաև մի շարք այլ միջնորդություններ:
Այսպիսով, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ինչի արդյունքում 3 անմեղ զինծառայողներ մեղադրվեցին իրենց չկատարած հանցանքի (ինքնասպանության դրդելու) համար:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով