Ոչինչ չի՞ փոխվի. Փաստաբանների պալատը նոր նախագահ ունեցավ
Փաստաբանների պալատի 1370 անդամից քվեարկությանը մասնակցել են 913-ը: Արա Զոհրաբյանը ստացել է 713 ձայն, նրա մրցակիցներից՝ Տիգրան Աթանեսյանը՝ 94, իսկ Կրոմվել Գրիգորյանը՝ 87:
Տիգրան Աթանեսյանը և Կրոմվել Գրիգորյանը շնորհավորել են նորընտիր նախագահին և հայտարարել են, որ ընտրությունները պատշաճ մակարդակով են անցկացվել:
Ընտրություններին մասնակցած փաստաբան Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ նոր նախագահը պալատի ղեկավարության անդամ է եղել, նրա թեկնածությունը առաջարկել և պաշտպանել է ներկայիս նախագահ Սահակյանը, ուստի նա նույն թիմի գործելաոճի շարունակողն է լինելու:
«Իսկ այդ թիմի գործելաոճը կայանում է նրանում, որ պալատը որևէ քաղաքականությունը չունի Հայաստանում կատարվող քաղաքական և սոցիալական իրավիճակի վերաբերյալ, ներքին հարցերում ևս բավականին իներտ է», – ասել է Բաղդասարյանը: Նա հույս է հայտնել, որ այս անգամ ընտրությունների անցկացման ընթացակարգը, այն է՝ թեկնածուների միջև բանավեճերի անցկացումը, հիմք կհանդիսանա, որպեսզի այլ համապետական և տեղական ընտրություններում էլ թեկնածուները ծրագրեր քննարկեն, բանավիճեն, որպեսզի ընտրողն իմանա՝ ում է ձայն տալու:
Փաստաբանների պալատում նոր նախագահի ընտրությունից հետո մեծ փոփոխություններ չի ակնկալում նաև փաստաբան, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի անդամ Գայանե Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Զոհրաբյանը քարոզարշավի ընթացքում ներկայացրել է մեծ ծրագիր, սակայն նրան ոչինչ չէր խանագրում, որպեսզի նա օգտվեր իր՝ փոխնախագահի մանդատից և այդ բարեփոխումներից գոնե մի քանիսն ավելի վաղ ներկայացներ նախագահ Ռուբեն Սահակյանին:
«Զոհրաբյանը շատ լավ իրավաբան է, սակայն Պալատի նախագահ լինելու համար կազմակերպչական տաղանդ, կամքի ուժ է պետք, պետք է կարողանալ դեմ գնալ իշխանությանը: Այն հանգամանքը, որ Զոհրաբյանին առաջարկել է Ռուբեն Սահակյանը, արդեն իսկ հիմք է տալիս մտածելու, որ որևէ էական փոփոխություն չի սպասվում պալատի գործունեության մեջ»,- ասել է Գայանե Խաչատրյանը:
Ըստ Խաչատրյանի՝ Պալատի քաղաքականությունը բազում հարցերում փաստաբանների մեծ մասին դուր չի եկել, մասնավորապես, այն, որ պալատի նախագահը հրաժարվել է միանալ փաստաբանների գործադուլին:
Բացի դա, ըստ Խաչատրյանի, Պալատում շատ մրցույթներ անցկացվում են ոչ թափանցիկ կերպով: Օրինակ, երբ արտասահմանում փաստաբանների վերապատրաստման ծրագրեր են լինում, դրա մասին ոչ թե հայտարարարություն է տեղադրվում կայքում, այլ փաստաբանները սեմինարի կամ դասընթացի մասին տեղեկանում են միայն դրանց ավարտից հետո:
Պալատի նախագահի նկատմամբ բավականաչափ վստահություն ունի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ ընտրությունները ոչ միայն վկայում են Զոհրաբյանին վստահելու մասին, այլև գնահատական են Պալատի աշխատանքին, այսինքն՝ ապացուցում են, որ փաստաբանները գոհ են Պալատի աշխատանքից:
Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:
Թողնել մեկնաբանություն