Skip to main content

Նիստի ընթացքում դատարանը գնահատական է տալիս, իսկ դատախազը հեգնում. Տեսանյութ

Համաձայն մեղադրական եզրակացության` Անդրանիկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 30.01.2008թ. առևանգելու և ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Արմեն Հայրապետյանի հետ, Քրիստինե Մանուկյանին խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Էրեբունի այգեգործական ընկերություն տանող ճանապարհի չբնակեցված հատված, որտեղ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` ավազակային հարձակմամբ հափշտակել են Ք. Մանուկյանին պատկանող ոսկյա զարդերը և բջջային հեռախոսը:
Սույն քրեական գործով դեռևս 2008 թվականի նոյեմբեր ամսին 15 տարվա ազատազրկման է դատապարտվել` Ա. Հայրապետյանը, որը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104, 131, 138 և 175 հոդվածների տարբեր մասերով, այն բանի համար, որ վերջինս Ք.Մանուկյանին առևանգելուց հետո` դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով բռնաբարել է Ք.Մանուկյանին, ապա բազմաթիվ հարվածներ հասցնելով Ք.Մանուկյանին ապօրինաբար զրկել կյանքից:
Վերջինս 06.03.2014 թվականին տեղի ունեցած դատական նիստին, հրավիրվել ու հարցաքննվել էր որպես վկա, հայտնելով, որ նախաքննության ընթացքում և դատարանում տրված ցուցմունքները հակասում են իրար, քանի որ նախաքննության ընթացքում իրեն ոստիկանությունում ծեծել են, ստիպելով գրել Անդրանիկի անունը թէ նա էլ է իր հետ եղել սպանության ժամանակ: Հայրապետյանը նաև պատմեց, որ «այնքան են ծեծել, որ ուզեցել եմ ինքս ինձ անգամ վնասել, ոնց ուզել են տենց էլ արել են, մի խոսքով հասան նրան, որ ես ասել եմ ինչ ուզում եք գրեք, խփում էին ոտքերիս, պոչկեքիս, չեմ ունեցել պաշտպան քննիչը ասեց. Հիմա պաշտպանա գալիս հենց կգա կհրաժարվես պաշտպանից»:
Թե դատավորը, թե մեղադրողը վկա Հայրապետյանի ցուցմունքին մոտեցան հեգնանքով: Ի պատասխան վկայի հայտարարությանը, որ ոստիկանները ամեն ինչի ընդունակ են, դրա համար վախից գրել է այն ինչ պահանջել են, դատավորը հայտնեց, որ ինքը գիտի որ ոստիկանները ամեն ինչին ընդունակ են, դա պրակտիկայում ընդունված է, և բացահայտ գնահատելով Ա.Հայրապետյանի ցուցմունքները անարժանահավատ, հորդորեց վկային այնպիսի ցուցմունք տալ, որ իրականությանը մոտ լինի:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի etv–ի համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով