Սպանության մեղադրանք առանց ապացույցների. Տեսանյութ
Ըստ նախաքննության մարմնի Ի.Սարգսյանը իր ընկեր Մ.Ներսիսյանին պատվիրել է կատարել Ա.Սաֆարյանի սպանությունը, այնուհետև իր կատարած հանցանքը թաքցնելու դիտավորությամբ անձամբ սպանել է Մ.Ներսիսյանին, որի մասին տեսանյութը տարածվել էր ՀՀ ոստիկանության կայքում: Այդ փաստի առթիվ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով, Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:
Մինչդեռ Ի.Սարգսյանի շահերի պաշտպան` Գայանե Գալոյանը, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին տրված հարցազրույցում ներկայացրել է նախաքննության մարմնի խախտումները, վերջինս հայտնել է, որ նախաքննության մարմինը առանց ապացույցների իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրել և կալանավորել, որի առթիվ առաջիկայում պատրաստվում է նախաքննության մարմնի գործողությունները վիճարկել դատարանում: Ըստ փաստաբանի Մ.Ներսիսյանի դին են փնտրում, բայց կարծում է վերջինս կենդանի է և պետք չէ փնտրել նրա դիակը: Եվ այդ պայմաններում, երբ չի հայտնաբերվել դիակը, անձին մեղադրանք են առաջադրել սպանության համար, չունենալով որևէ ապացույց, ականատես: Գ.Գալոյանը նաև հայտնեց, որ նախաքննության մարմինը սահմանափակել է Ի.Սարգսյանի հարազատների հետ տեսակցության իրավունքը, որը վերջինս դիտում է, որպես հոգեբանական ճնշում իր պաշտպանյալի նկատմամբ, ինչպես նաև խախտել է անմեղության կանխավարկածը, հանրությանը տեղեկություն տարածելով և բերման ենթարկվածներին ներկայացնելով, որպես հանցագործությունը կատարած անձանց:
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Թողնել մեկնաբանություն