Skip to main content

Հ.Գեվորգյանի վիճակը ծանր է. Ինչու կալանավորները ՀՀ ՔԿՀ-ներում բուժում չեն ստանում

Այսօր Հելսինկյան ասոցիացիայի դիտորդեր՝ Ա.Վեզիրյանը և Էդ.Դանիելյանը այցելել են հիվանդանոց տեղեկանալու համար ամբաստանյալի վիճակի մասին: Արմենիա հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչի ՝ Արա Ղազարյանի խոսքերով /ով հրաժարվեց խոսել տեսախցիկի առջև/՝ Հրաչյա Գևորգյանը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց 25.02.2015-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում սուր շնչառական անբավարարությամբ։ Ա․Ղազարյանը հայտնեց, որ երեկ առավոտյան Հ․Գևորգյանի վիճակը վատացել է և սեդատիվ դեղերի միջոցով հիվանդին միացրել են արհեստական շնչառության սարքին։
Ղազարյանի խոսքերով Հրաչյա Գևորգյանը անցել է բժշկական հետազոտություն Էրեբունի բժշկական կենտրոնում, սակայն նրան տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց ազատ տեղ չունենալու պատճառով։
Հիվանդանոցում դիտորդները հանդիպել են Հ.Գևորգյանի մորը, ում խոսքերով բժիշկները վատ կանխատեսումներ են տվել: Թե ամբաստանյալի ծանր վիճակը, թե բժիշկների կանխատեսումները ու նրանց վերաբերմունքը մտահոգության տեղիք են տալիս, քանի որ հիվադանոցում բուժ անձնակազմի որոշ աշխատակիցներ, դիտորդներին հարցրել են՝«ինչու եք պաշտպանում ռեցիդիվիստին» և միայն դիտորդների պատասխանից հետո, որ առաջին հերթին նա մարդ է, վերջիններս արձագանքել են, որ իրենց համար էլ առաջին հերթին հիվանդ է:
Հարկ ենք համարում նշել, որ այն մասին, որ Հ.Գևորգյանը ունի բազմաթիվ առողջական խնդիրներ բազմիցս ահազանգվել է, որն էլ հիմք է հանդիսացել նրան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու համար, սույն թվականի փետրվարի 16-ին նշանակված դատական նիստին վերջինս վատացել է, որի պատճառով նիստը հետաձգվել է: Այսինքն ՔԿՀ-ը տեղյակ է եղել, որ կալանավորը հիվանդ է, սակայն որևէ միջոց չի ձեռնարկել պատշաճ բուժում իրականացնելու համար:
Տեղեկատվություն ստանալու համար ուսումնասիրեցինք ՀՀ քրեակատարողական վարչության կայքը, որտեղից պարզվեց, որ ՀՀ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում բժշկական սպասարկման անձնակազմի հաստիքները թափուր են, որն էլ վառ ապացույց է այն մասին, որ ՔԿՀ-երում գտվող անձինք պատշաճ բուժ.օգնություն չեն ստանում, որի հետևանքով հաճախակի մահվան դեպքեր են լինում:
Հ.Գ. հասարակական դիտորդական խումբը այդպես էլ չի այցելել Հ.Գևորգյանին, թեև տեղյակ է պահվել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով