Դատական սանկցիա՝ դատախազի նկատմամբ
Օգոստոսի 2-ին Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատական նիստը: Այն նախորդ անգամ հետաձգվել էր, քանի որ դատախազ Ա. Սմբատյանը արձակուրդ էր գնացել: Այսօր նա դարձյալ չէր ներկայացել դատական նիստին: Դատավորը սա գնահատեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և որպես սանկցիա դատախազի նկատմամբ կիրառեց նախազգուշացում և տեղեկացրեց, որ համապատասխան գրությամբ կդիմի վարչական շրջանի դատախազութուն, որ եթե Սմբատյանը չի ներկայանալու նիստերին, ապա գործում ներգրավվի մեկ այլ մեղադրող:
Նշենք, որ Արբակ Բաբասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝117 հոդվածով և 177 հոդվածով:
Արբակ Բաբասյանի պաշտպան Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքերով, հենց առաջին դատական նիստի ժամանակ տուժողը հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է իր բողոքից և՛ 117 հոդվածի մասով, և 177 հոդվածի մասով:
«Ամեն դեպքում, տուժողի հրաժարվելու հիմքով դատարանը կարող էր կարճել 177 հոդվածի մասով: Չնայած` 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը դա մասնավոր բնույթի մեղադրանք չէ, բայց դատարանը կարող էր կարճել 177 հոդվածի մասով, սակայն, իմ պաշտպանյալը համոզված լինելով իր անմեղության մեջ՝ հրաժարվեց հաշտվելուց և դատարանում հայտարարությամբ հանդես եկավ, որ ինքը տուժողի կողմից այդ հաշտության առաջարկը չի ընդունում: Նա ասաց՝ ես ցանկանում եմ, որ դատավարությունը ընթանա և օբյեկտիվ քննությամբ վերջնական դատական ակտով որոշվի` արդյոք ինձ առաջադրված մեղադրանքները կան, թե՞ չկան: Այդ հիմքով դատարանը շարունակեց գործի քննությունը»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Դատախազի բացակայության պատճառով դատավորը հետաձգեց դատական նիստը: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 11-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Թողնել մեկնաբանություն