Փաստաբանի գործով վճռի իրական հեղինակը հավանաբար դատավորը չէ. Արամազդ Կիվիրյան
Հիշեցնենք, որ, որ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբան Երվանդ Վարոսյանին կարգապահական պատասխանատվության էր ենթարկել «facebook» սոցիալական ցանցում կատարված գրառման համար: ՀՀ փաստաբանների պալատի որոշումը բողոքարկվել էր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հոկտեմբերի 20-ին դատավոր Ռուբեն Ներսիսյանի վճռով հայցը մերժվել է:
Այս առնչությամբ մենք զրուցեցինք Երվանդ Վարոսյանի ներկայացուցիչ` փաստաբան Արամազդ Կիվիրյանի հետ:
«2015թվականի հուլիսի 6-ին, լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են գողանում» վերտառությամբ հոդված, որով փորձ է կատարվել վարկաբեկել փաստաբաններ Լուսինե Սահակյանին ու Երվանդ Վարոսյանին: Հրապարակման պահին հոդվածի իրական հեղինակը եղել է անհայտ, այն ստորագրված է եղել կեղծանվամբ:
Այնուհետև, Երվանդ Վարոսյանի facebook-յան էջում կատարվել է հետևյալ գրառումը. «Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները)։ Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»։ Ընդ որում, այդ գրառումը լույս է տեսել այն ժամանակ, երբ դեռևս չի պարզվել, թե ովքեր են եղել հոդվածների պատվիրատուները:
Ֆեյսբուքյան գրառման փաստով Փաստաբանների պալատի նախագահը հարուցել է կարգապահական վարույթ Երվանդ Վարոսյանի նկատմամբ:
Վարույթի հարուցումից ամիսներ անց, սակայն, պարզվեց՝ այդ հոդվածի պատվիրատուն է հանդիսացել հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանը, հոդվածը հեղինակել է ՀՀ փաստաբանների պալատի նախկին մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը, ով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ է համաձայնեցրել հոդվածի բովանդակությունը: Ընդ որում, այդ մասին, իր ֆեյսբուքյան էջում բացահայտել է այն լրագրողը, ով հետագայում ներողություն է խնդրել այդ հոդվածները տեղադրելու համար»,- ասաց Արամազդ Կիվիրյանը::
Վերջինս նշեց, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից կայացված որոշումը վիճարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
«Մեր կողմից արդեն ներկայացվել է վերաքննիչ բողոք, մի շարք փաստարկներով, որոնցից են վարույթը հարուցող անձի` Արա Զոհրաբյանի ակնհայտ շահագրգռությունը գործի ելքով, ՓՊ խորհրդի շատ անդամների ՓՊ նախագահից կախվածության փաստի բերումով, նրանց շահագրգիռ լինելու հանգամանքը: Բացի այդ, փաստաբանը չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր մասնագիտական գործունեությունից դուրս իրականացրած գործողությունների համար: Ներկայացված բողոքում հարց է բարձրացվել նաև այն մասին, որ Փաստաբանի վարքագծի 2.2.3 կետը հանդիսանալով սկզբունք, հռչակագրային նորմ, իր իրավական անորոշության պատճառով չի կարող կիրառվել իբրև անձի որևէ իրավունք սահմանափակող նորմ, իսկ կիրառման դեպքում ակնհայտ է, որ դա կարող է հանգեցնել կամայական մոտեցման, ինչպես դա տեղի ունեցավ Ե.Վարոսյանի պարագայում»,- ասաց Արամազդ Կիվիրյանը
Փաստաբանը նաև նշեց, որ Վերաքննիչ բողոքում բարձրացված ուշագրավ հարցերից է նաև այն, որ դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից կայացված վճռի ուսումնասիրությունը ողջամիտ կասկած է հարուցում առ այն, որ վճռի իրական հեղինակը հավանաբար դատավորը չէ:
Թողնել մեկնաբանություն