Skip to main content

«Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ նախկին սպա Արամ Աղայանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ, համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Վովայի Փաշինյանին
«Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ՝ ՀՀ ԶՈՒ նախկին սպա Արամ Գրիգորի Աղայանից

                                                                                                                          Բաց նամակ

Հարգելի՛ պարոն Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ և ողջ հայ ժողովրդին՝ Ձեր առաջնորդած համաժողովրդական շարժման հաղթանակի, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս հաղթանակն անխոս ուղղեց մեր ժողովրդի «կռացած մեջքը» և վերացրեց ժողովրդի մեջ օր օրի խորացող այն վտանգավոր մտայնությանը, թե մեր երկրում ամեն ինչ կորած է և ոչինչ փոխել հնարավոր չէ: Անսահման մեծ է ուրախությունս, երբ տեսնում եմ, որ ՀՀ քաղաքացին այլևս հուսալքված չէ, որ վերջապես նրա մոտ վերականգնվեց հավատը, որ երկրի տերը ինքն է: ՀԱՅԸ գիտակցեց, որ միայն պայքարի միջոցով կարելի է հասնել հաղթանակի, որը նվաճում են և ոչ թե մուրում:

Համայն հայության ջանքերով պետք է վերականգնենք մեր թալանված ու կեղեքված երկիրը և ստեղծենք հզոր Հայաստան՝ ամուր պետականությամբ: Յուրաքանչյուր ոք իր առօրյայում, իր գործունեության մեջ պարտավոր է իր գործը լավ և բարեխիղճ կատարել, պետք է պայքարի իր շուրջը առկա՝ անցյալից մնացած արատավոր երևույթների ու բարքերի դեմ՝ մեր իրականությունից դրանք իսպառ վերացնի՝ հաղթանակը լիարժեք դարձնելով:

Հարգելի՛ պարոն վարչապետ, թեև ըստ ՀՀ օրենսդրության պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել նոր հանցագործությունների կատարումը, այդուհանդերձ նախորդ իշխանությունը ձևավորել էր արատավոր ավանդույթ՝ ազատազրկված անձանց ուղղումը վրեժխնդրության վերածելու համար, արվում էր ամեն ինչ մարդուն չարությամբ լցնելու և նոր հանցագործությունների կատարման մղելու:

Վստահ եմ՝ Նոր Հայաստանում այդ երևույթները պետք է իսպառ բացառվեն, պետք է կատարվեն լայնածավալ աշխատանքներ՝ անցյալի նեխած համակարգը արմատախիլ անելու և այն քաղաքակիրթ ու զարգացած երկրին բնորոշ համակարգով փոխարինելու ուղղությամբ: Հավատում եմ նաև, որ Նոր Հայաստանի բանտերում այլևս չեն լինի անարդար արդարադատության զոհեր: Հույս ունեմ, որ Դուք կձեռնարկեք անհրաժեշտ քայլերը՝ կեղծ ու ապօրինի դատավարությունների հետևանքով ապօրինաբար անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ արդարության վերականգնման և ՔԿՀ-ների բեռնաթափման ուղղությամբ:

Միանում եմ օրեր առաջ քաղբանտարկյալ Գարեգին Չուքասզյանի կողմից հրապարակված կոչին և ողջունում նրա առաջարկած նախաձեռնությանը:

Հ.գ. Արամ Աղայանի գործի վերաբերյալ գանգատի քննությունը գտնվում է Եվրոպական դատարանում: Իդեպ, Արամ Աղայանն իր դիմումով ցանկություն է հայտնելծառայել Արցախում: Դիմումը բավարարվել է և նա ծառայել է Շուշիում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով