«Հելսինկյան ասոցիացիա»-ն մտահոգություն է հայտնում
Օգոստոսի 12-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Թումանյան-Աբովյան խաչմերուկում, Աբովյան փողոցը հատելիս, հետիոտնի գծանշանի վրա Աննա Գոյունյանը ենթարկվել է վրաերթի: Վրաերթի արդյունքում նա ստացել է ողնաշարի կոտրվածք:
«Հելսինկյան ասոցիացիա» դիմած նրա որդին Հարություն Գյամջյանը հայտնել է, որ հետաքննիչի կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկատվության հավաքագրման հարցում: Մասնավորապես, մինչ այս պահը հետաքննիչը բավարար ջանքեր չի գործադրել դեպքի վայրում տեղադրված տեսախցիկներով արձանագրված դեպքի տեսաձայնագրությունները ձեռք բերելու համար:
Եւ տուժող կողմին եւ «Հելսինկյան ասոցիացիա»-յի դիտորդին բանավոր կարգով հայտնել են, որ դեպքի վայրում տեղադրված տեսախցիկները շարժական են և չեն ֆիքսել դեպքը:
Մինչդեռ «Հելսինկյան ասոցիացիա»-յի կողմից կատարված ուսումնասիրություններն ապացուցում են հակառակը: Նշված վայրում տեղադրված տեսախցիկները ֆիքսված են և բավարար տեսադաշտ ունեն դեպքի վայրը տեսաձայնագրելու համար:
«Այս հանգամանքը լուրջ մտահոգության և հիմնավոր կասկածի առիթ է տալիս՝ կասկածել հետաքննիչի անաչառ լինելու, եթե ոչ՝ դիտավորությամբ ժամանակ «ձգելու» հարցում, որպեսզի դեպքի օրվա տեսաձայնագրությունները «օբյեկտիվ» պատճառներով այլեւս հնարավոր չլինի դարձնել գործի նյութ եւ ապացույց»,- ասում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը:
Նա նաեւ կասկածներ է հայտնում՝ արդյոք մեղքն ընդունող անձն է եղել ղեկին։
«Հելսինկյան ասոցիացիա»-ն նամակ է ուղարկել ոչ միայն ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, այլ նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, սակայն մինչ այսօր արձագանք չկա։
«Ակնկալում ենք, որ Դուք կստանձեք այս գործի վերահսկողությունը և միջոցներ կձեռնարկեք քաղաքացու բարձրացրած խնդրին լուծում տալու համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդիրը չի վերաբերում միայն մեկ մասնավոր դեպքի, այլ կրում է համակարգային բնույթ: Քաղաքացու հետ առաջնային շփում ունեցող օղակներում տիրող իրավիճակն արդարացիորեն դժգոհություն է առաջացնում, ինչը չափազանց վտանգավոր է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հակահղափոխական ուժերի կողմից «ճիշտ» օգտագործման պարագայում»,- նշված է նամակում:
Իսկ ողնաշարի կոտրվածք ստացած 81-ամյա կինը շարունակում է մնալ հիվանդանոցում։ Բուժող բժիշկը հայտնել է, որ նա ընդամենը մեկ կոտրվածք ունի։ Այնինչ այլ բժիշկներ, տեսնելով ռենտգեն հետազոտության տվյալները, փաստել են, որ նա երկու կոտրվածքներ ունի: Մինչդեռ փորձագետը բանավոր հայտնել է, որ տուժողին միջին ծանրության վնասվածք է հասցվել։ «Հելսինկյան ասոցիացիա»-ն այստեղ կոռուպցիոն ռիսկ է տեսնում։
Թողնել մեկնաբանություն