Skip to main content

Մարտի 1-ի եւ 2-ի որոշումները փաստաբանը նոր է ստացել

Մարտի 1-ի եւ 2-ի որոշումները փաստաբանը նոր է ստացել

Փաստաբանների պալատի խորհրդի 2018 թ մարտի 1-ին որոշումը փաստաբան Նինա Կարապետյանցը ստացել է օրեր առաջ:

Նախորդ տարվա օգոստոսի 9-ին Պալատում մուտքագրվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դատական սանկցիա կիրառելու մասին որոշումը:

Նախապատմությունը եղել է այն, որ 03.08.17 թ հերթական դատական նիստում դատարանին է հանձնվել անձին զննության ենթարկելու վերաբերյալ արձանագրություն:

Ըստ արձանագրության՝ նիստը սկսելուց անմիջապես առաջ դատական կարգադրիչը ցանկացել է զննության ենթարկել պաշտպան Նինա Կարապետյանցին, ով հրաժարվելով ներկայացնել իր մոտ առկա իրերը, որոնք հատուկ նախատեսված ստուգիչ սարքի կողմից ազդանշան են տվել, հրաժարվել է դատարանի վարչական շենք մուտք գործելուց եւ ըստ էության դատական նիստին մասնակցելուց։

   Արձանագրության վերաբերյալ գրավոր առարկությամբ է հանդես եկել Նինա Կարապետյանցը՝ նշելով, որ իր պարտականությունները կատարելու համար ներկայացել է դատարան, իրեն առաջարկվել է անցնել զննություն, ինքը համաձայնվել է, սակայն նշված գործողությունները փաստացի վերածվել են խուզարկության, ինչից հրաժարվել է, քանի որ դա արգելված է օրենքով: Առաջարկվել է պայուսակը թողնել պահարանում, սակայն քանի որ դրա մեջ գտնվել են իր աշխատանքային գործիքները եւ քրեական գործի նյութերը, ինքը հրաժարվել է:

   Դատարանը գտել է, որ Նինա Կարապետյանցն իր դատավարական իրավունքներից օգտվել է անբարեխղճորեն եւ առանց հարգելի պատճառի՝ չի կատարել իր դատավարական պարտականությունները, ինչով խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքին՝ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի եւ դատավարության մասնակիցների նկատմամբ:

Փաստաբանների պալատում հարուցված կարգապահական գործով Նինա Կարապետյանցը մեղավոր է ճանաչվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտման համար՝ ստանալով նկատողություն, իսկ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով վարույթը կարճել է:

Ի դեպ, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 1-ին մասի 1-ին կետ գոյություն չունի։ Իսկ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ փաստաբանը պարտավոր է ազնվորեն եւ բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքները եւ օրինական շահերը՝ ՀՀ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով եւ եղանակներով։

   Մարտի 2-ին Փաստաբանների պալատում տեղի ունեցած կարգապահականի նիստում էլ Նինա Կարապետյանցի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։ Այս նկատողությանն էլ փաստաբանն արժանացել է 20․07․2017 թ․ դատական նիստից առաջ պայուսակը չբացելու համար։

   Առաջին անգամ   մետաղորսիչ սարքով անցնելուց հետո, պայուսակն ազդանշան է տվել, սակայն նա հրաժարվել է բացել պայուսակը։ Կարգադրիչի հարցին՝ արգելված իր կա, թե ոչ, Նինա Կարապետյանցը հավաստիացրել է, որ չկա, եւ նրան թույլատրվել է մտնել դահլիճ։ Նկատելով, որ կարգադիչները ստիպում են իր գործընկերներ Արայիկ Պապիկյանին եւ Մուշեղ Շուշանյանին բացել պայուսակները, Նինա Կարապետյանցը միջամտել է՝ ինչու՞ է խտրական վերաբերմունք դրսեւորվում։ Իրեն թույլատրել են առաջանալ, իսկ մյուս փաստաբաններին՝ ոչ։ Արդյունքում՝ Նինա Կարապետյանցին նույնպես արգելվել է դահլիճ մտնել։

Դատավոր Արտուշ Գաբրելյանը նիստերի դահլիճ չմտնելը համարել էր անհարգալից վերաբերմունք։

   Իսկ աղմկահարույց գործերով ներգրավված փաստաբանները վստահ են՝ խուզարկություններ իրականացնելով, փորձում էին խոչընդոտել իրենց աշխատանքը։ Ի դեպ, քիչ չեն եղել դեպքերը, երբ պայուսակն ազդանշան է տվել եւ բացելուց հետո պարզվել է, որ այնտեղ միայն գրիչ կա։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով