Skip to main content

«Պատասխանատվության պետք է ենթարկվեն այն դատավորները, որոնց կայացրած վճիռներով Եվրոպական դատարանից որոշումներ ենք ստացել»

Փաստաբաններն ակնկալել են, որ  պետական մարմինների հետապնդումներից ազատվելուց հետո դրանք  շարունակություն չեն ունենա, բայց Փաստաբանների պալատի գործողություններով դրանք զարգացում ապրեցին, եւ հիմա  փաստաբանները թեւակոխել են նոր՝ իրենց պաշտպանելու փուլ։

    «Եթե նախկինում  գործողությունները միտված էին մեր վստահորդների,  պաշտպանյալների իրավունքները պաշտպանելու, օրինականությունն ապահովվելու ուղղությամբ,   որը մեզ համար հետեւանքներ էր ունենում,  հիմա մեր իրավունքների պաշտպանության գործերով ենք զբաղված։  Չենք տեսնում այն լույսը,  որի  հետեւից մենք գնում ենք։ Հասկանում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից հրավիրված «Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով երկրորդ կլոր սեղան հանդիպման ժամանակ մասնավորապես նշեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փաստաբանների նկատմամբ դատական սանկցիաների կիրառմամբ կարգապահական հետապնդումների խնդիրը, փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման ներկա իրավիճակը։ 

  2017-2019թթ. ընթացքում Հելսինկյան ասոցիացայի փաստաբանների նկատմամբ հարուցվել է շուրջ 30 կարգապահական վարույթ, որոնցից 20-ի դեպքում նրանք ենթարկվել են կարգապահական տույժի։ Այս վարույթները հարուցվել են քաղաքական աղմկահարույց՝ «Սասնա ծռեր»-ի եւ «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործերով պաշտպանություն իրականացնելու ընթացքում։ Սրանք առավելապես եղել են «անհնազանդ» փաստաբանների նկատմամբ հետապնդումների յուրօրինակ դրսեւորումներ։

   Արայիկ Պապիկյանը շեշտում է՝  ՓՊ-ն իր որոշման մեջ այնպիսի հիմնավորումներ է նշում, որոնք ավելի վիրավորական են, քան բուն կարգապահական տույժի ենթարկելը։ Նա որպես մեջբերում նշում է․

 «Օրինակ, փաստաբանը գիտակցել է իր արարքի ոչ իրավաչափ լինելը եւ կանխամտածված թույլ է տվել, որ այդպիսի ոչ իրավաչափ փաստ տեղի ունենա։ Սա, կարծում եմ, որ ավելի վիրավորական է փաստաբանի համար,  քան  կարգապահական տույժի ենթարկվելը»։

   Աղմկահարույց գործերով փաստաբանը շատ հետաքրքիր դեպք հիշեց, երբ ինքը եւ իր գործընկերը դատարանի մեկ որոշումով   ենթարկվել են դատական սանկցիայի՝ դատական նիստին չներկայանալու հիմքով։  Մինչդեռ գործընկերոջ նկատմամբ Փաստաբանների պալատի խորհուրդը  կարգապահական վարույթը կարճել է, իսկ  իր նկատմամբ կիրառել խիստ նկատողություն։

Բոլոր հետապնդումները փաստաբանը  երկու բովանդակային խմբերի է   բաժանում՝ առաջինը՝ դահլիճ լքել եւ երկրորդը՝ չներկայանալ դատական նիստին։ Իսկ  Պալատն  առանց  փաստական հանգամանքներ դիտարկելու, առանց հանգամանքներ հաշվի առնելու, օրինակ՝ արդյո՞ք փաստաբանին ծանուցել են դատական  նիստի մասին, թե՝ ոչ, հնարավորությու՞ն ունեցել է իր եւ իր վստահորդի իրավունքները պաշտպանել, թե՝ ոչ, այդ ստանդարտ մոտեցումներով շարունակել է  փաստաբաններին ենթարկել  կարգապահական տույժերի։

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը հիշեցնում է՝  դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար երբեւէ որեւէ դատախազ պատասխանատվության չի ենթարկվել։ Ավելին՝ դատախազներից մեկը  հայհոյելու համար ստացել է նկատողություն։ Մինչդեռ  փաստաբաներից մեկն իր ՖԲ գրառման համար զրկվել է արտոնագրից։

Սանկցիաներից մեկը թե՛ ԱրայիկՊապիկյանը, եւ թե՛ Նինա Կարապետյանցը ստացել են միայն այն բանի համար, որ  միջնորդել են հետաձգել  նիստը, քանի որ  25 օր հացադուլի մեջ գտնվող իրենց պաշտպանյալն ի վիճակի չի եղել մասնակցել դատական նիստին։  Դատավորը նիստը չի հետաձգել, ինչի պատճառով նրանք ստիպված լքել են դահլիճը։

 Անդրադառնալով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար մինչեւ 100 հազար դրամ տուգանքին՝   Նինա Կարապետյանցը նշեց,  որ իրավապաշտպան-փաստաբանները, ինչպես նաեւ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանները կաշկանդվելու են, քանի որ ցանկացած խոսք կարող է հանգեցնել տուգանքի։ Մինչդեռ մասնավոր կերպով ինչ-որ մեկի շահերը ներկայացնող փաստաբանները հանգիստ կարող են խոսել․ ֆինանսական ապահովություն ունեցող վստահորդը կվճարի  այդ տուգանքները։  

   2015-2019թթ․ քննվել է հինգ քրեական գործ՝ փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով։ Այս տվյալները «Հելսինկյան ասոցիացիա»-ն ստացել է հարցման արդյունքում։

   Կլոր սեղան-քննարկման ժամանակ փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց նաեւ, որ ըստ հարցման արդյունքների՝  երեք քրեական գործի վարույթ կարճվել է, մեկ քրեական գործ միացվել է այլ քրեական գործի վարույթի, իսկ մեկ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Հարցումներ են ուղարկվել Գլխավոր դատախազություն, ՄԻՊ, Դատական դեպարտամենտ, ՀՔԾ,  Քննչական կոմիտե եւ  Փաստաբանների պալատ։  Բոլոր կառույցները պատասխանել են հարցումներին, բացի Գլխավոր դատախազությունից։  Չորս տարիների ընթացքում ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ստացվել է  107 բողոք՝ փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով։ Պաշտպանի միջամտությամբ  2015թ․ լուծում է ստացել  7,  2016 եւ  2017թթ․՝  14, իսկ  2018թ․՝ 37 բողոք։

Ներկաները հարց բարձրացրին, թե ինչ խնդիրներ կան  հիմա՝ հեղափոխությունից հետո։

   Փաստաբան  Արա Ղարագյոզյանը հույս  է ունեցել, որ  հեղափոխությունից  փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով կասեցված քրեական գործերը կվերաբացվեն, եւ պաշտոնատար անձինք կենթարկվեն պատասխանատվության։ Նա միաժամանակ ցավով ընդգծում է, որ փաստաբանները նույնացվում են իրենց պաշտպանյալների հետ։  «Թե՛ Մանվել Գրիգորյանի եւ թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները սպառնալիքների եւ հայհոյանքների են ենթարկվում միայն նրանց պաշտպանելու համար։  Քրեական գործ չկա հարուցված, եւ փաստաբանները տուժող չեն ճանաչվել։  Փաստաբանները հետապնդվում են ոչ թե  իշխանությունների, այլ հասարակության կողմից։ Պետությունը պետք է պաշտպանի փաստաբանին»,- ասաց Արա Ղարագյոզյանը։

   Իսկ Արայիկ Պապիկյանը հավելեց, որ հետհեղափոխական Հայաստանի Գլխավոր դատախազությունում ոչինչ չի փոխվել։ Վերջինս հանցագործության մասին   հաղորդումներ է ներկայացրել Գլխավոր դատախազություն եւ  ստացել  է  երկու գրություն․ «Նույնիսկ  չեմ ասի, որ ուղղված էր իրավաբանին, ուղղված էր չորսամյա կրթությամբ ինչ- որ անձի։ Ոչինչ չի փոխվել, վերաբերմունքը մնացել է նույնը։ 2017թ․  հնչեցված  սպառնալիքների փաստով տուժող եմ  ճանաչվել։ 6-րդ  վարչությունում պարզեցին, թե ով էր սպառնալիքներ հնչեցնողը, անձը պարզ էր, բայց գործը կասեցվեց, եւ հիմա փորձում են գտնել օգտատիրոջը»։ Նրա համար տարօրինակ է այն, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունից հետո քիչ օրերի ընթացքում գտան ֆեյքերին։ Մինչդեռ հետհեղափոխական Հայաստանում ոչինչ չի արվում իրավապաշտպանության եւ փաստաբանության ինստիտուտների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման առումով։

«Դրան պետք է նպաստեն իրավապահ  մարմինների առարկայական գործողությունները։  Երբ հետհայաց նայում  ենք, նախորդ տարիների հետապնդումներն առ այսօր շարունակվում են եւ գնահատականների չեն արժանացել։ Հենց դրանք նպաստեցին Հայկ Ալումյանի, Արսեն Մկրտչյանի նկատմամբ հետապնդումներին»,- ավելացրեց Արայիկ Պապիկյանը։

 «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանն էլ ընդգծեց, որ հետհեղափոխական Հայաստանում միակ փոփոխությունը այն է, որ Ծռերի խնդիրը չկա, եւ փաստաբանների կարգապահական վարույթները կրճատվել են։ Իսկ իրավապահ համակարգը միշտ եղել է ինչ-որ մեկի քաղաքական կամքի կամակատարը։ Արդյունքում մենք չունենք դատախազության, ոստիկանության համակարգ։

   Կլոր սեղան-քննարկման ներկա  Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով խորհրդական Անդրեա Խալուպովան  ընդգծեց, որ  կառավարությունը պետք է որ չմիջամտի արդարադատությանը։ Բայց նաեւ հարց բարձրացրեց՝ քրեական նախկին գործերով արդյունքներ չունենալը որքանո՞վ է կապված դատավորների ծանրաբեռնվածության հետ։

Արայիկ Պապիկյանը պարզաբանեց, որ բոլոր գործերը, որոնք վերաբերում են փատաբաններին, իրավապաշտպաններին, փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն կամ սպառնալիքներին, այդ  բոլոր գործերը դեռեւս գտնվում են նախաքննական փուլում՝ Քննչական կոմիտեում կամ Հատուկ քննչական ծառայությունում, չկա ավարտված գործ։ Իսկ Արա Ղարագյոզյանն էլ ավելացրեց՝ պատվեր կատարող եւ քաղաքական որոշում կայացնող   դատավորները շարունակում են պաշտոնավարել․ «Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ը որոշումներ է կայացնում, սակայն որեւէ տեղաշարժ չկա։ Ապօրինի ակտ կայացրած դատավորը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Նույն Նիկոլ Փաշինյանին յոթ տարվա ազատազրկման դատապարտած դատավորը միտք էլ չունի համակարգը լքելու, եւ նա շարունակում է «արդարադատություն» իրականացնել։ Դատական համակարգում չենք տեսնում իրական փոփոխություններ»։

   Նինա Կարապետյանցը եւս  ցավով է արձանագրում, որ հետհեղափոխական Հայաստանում  արդարադատություն իրականացնող համակարգում իրականում ոչինչ չի փոխվել։ Քանի որ  կասցեված գործերի վերաբացման պարագայում քննիչին, վերահսկող դատախազին, միջանկյալ ակտեր կայացնող դատավորներին պետք է հարց տան՝ ինչու ոչինչ չեն արել,  քրեական պատասխանատվության խնդիրն է բարձրանալու․

«Ընդ որում՝ մեծ թվով  մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ անպատժելիությունը բերում է ավելի ծանր հետեւանքների։ Ժամանակավոր հանգիստ վիճակն իրականում շատ խաբուսիկ է, իրականում  այդպես չի լինում։ Ցանկանած պարագայում, երբ հնարավորություն լինի վերականգնել իրավիճակը, երբ մեր քննիչները, դատախազները, դատավորները օրենքը խախտելով հնարավարություն կունենան կոռուպցիոն ռիսկերով  որոշումներ կայացնել  ու ըստ պահանջի ապրել եւ հարստանալ, համոզված եղեք, իրենք առաջինն են լինելու հակահեղափոխական ուժերի շարքում։ Իրենց ձեռնտու չէ նվազագույն աշխատավարձով աշխատել, իրենց ձեռնտու չէ, որ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Նախորդ տարվա հեղափոխության տապալվելու ամենամեծ շանսը հենց այս համակարգում կարող է լինել, եթե չլինեն ռեալ փոփոխություններ, գոնե պատասխանատվության պետք է ենթարկվեն այն դատավորները, որոնց կայացրած վճիռներով Եվրոպական դատարանից որոշումներ  ենք ստացել։ Այդ դատավորները շարունակում են մինչեւ այսօր մարդկանց ճակատագրերի հետ խաղալ»։ Նրա համար անհանգստացնող է այն, որ   արդարադատության ոլորոտում փոփոխություն տեղի չի ունենում։ Նրա համար կասկածելի է Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, թե էվոլյուցիոն ճանապարհով հնարավոր են փոփոխություններ։ Արդարադատության ոլորտում դա հնարավոր չէ՝ համակարգը շահագրգռված չէ։   

«Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով երկրորդ կլոր սեղան հանդիպմանը ներկա էին Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պավել Չեպլակը, Հայաստանում ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Շվեյցարիայի դեսպանությունների, ԵԽ-ի, ԵՄ պատվիրակության, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ՄԻՊ աշխատակազմի, իրավապաշտպան կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փաստաբաններ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով