Դատարանները աչք են փակում խոշտանգման փաստի վրա
30- ամյա Արմեն Աղաջանյանը կալանավորվելուց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է խոշտանգման, իսկ 4 ամիս հետո նրա մարմինը գտել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի լոգարանում կախված։
Արմեն Աղաջանյանի ինքնասպանության գործը նախաքննության փուլում է, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգման գործը հասել է Վճռաբեկ դատարան։
Ամբաստանյալի աթոռին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանն է։ Նա մեղադրվում էր 2018 թ մարտի 16-ին մի խումբ անձանց կազմում Արմեն Աղաջանյանին խոշտանգելու, այնուհետեւ խոշտանգման դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով, մի խումբ պաշտոնատար անձանց կազմում պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
Գործը դատարան էր ուղարկվել 2018 թ հուլիսի 23-ին։ Մեկ տարուց ավելի տեւած դատաքննությունից հետո, դատավոր Դավիթ Բալայանը 2019 թ նոյեմբերի 26-ին որոշում էր կայացրել խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանին ճանաչել անմեղ։ Իսկ պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական կեղծիք կատարելու համար վերջինս մեղավոր էր ճանաչվել, սակայն համաներմամբ ազատ էր արձակվել։
Տուժողի իրավահաջորդ Գայանե Աղաջանյանն ու նրա ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը, ինչպես նաեւ դատախազը դատարանի նման որոշումը ակնհայտ ապօրինի էին որակում։ Վերադաս ատյանից արդարադատություն իրականացնելու սպասելիքներն էլ չարդարացան։ Թեեւ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչն Վերաքննիչ դատարանում հիմնավորել էին, որ ծեծից եւ խոշտանգումից հետո Արմեն Աղաջանյանին պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել։
Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ այդ իսկ պատճառով Արմեն Աղաջանյանը 3 անգամ հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել։ Այդ ամենն արձանագրված է գործի նյութերում։
«Ինձ մոտ կարծիք է ձեւավորվել, որ Վերաքննիչ դատարանի երեք դատավորներն ընդհանրապես ծանոթ չեն եղել քրեական գործի նյութերին։ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Արմեն Աղաջանյանը ունեցել է առողջական խնդիրներ եւ ենթարկվել է ծեծի։ Դա համարել է հաստատված հանգամանք եւ չի հերքել։ Սակայն դատարանը գտել է, որ այստեղ խոշտանգում չկա, քանի որ Աղաջանյանին գործիքով հարվածներ չեն հասցրել։ Մինչդեռ Եվրոպական դատարանն ասում է, եթե մի խումբ անձանց կողմից է ծեծի ենթարկվում, դա ավելի վտանգավոր է։ Հատկապես այն դեպքում, երբ տուժողն ունենում է առողջական խնդիրներ եւ լինում է անպաշտպան»,- ասում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։
Բացի այդ՝ գործի ելքով ոչ շահագրգիռ անձն էլ է հաստատել, որ Արմեն Աղաջանյանին խոշտանգել են։
Ըստ Արա Ղարագյոզյանի՝ ներպետական ատյանները սխալ են գնահատում հանգամանքները, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ դատարաննները պատրաստ չեն նմանատիպ գործեր քննել․ «Շատ կարեւոր է, որ նմանատիպ գործերով վերապատրաստվեն եւ մասնագիտանան դատավորները։ Աբսուրդ է, երբ դատարանն ասում է, քանի որ գործիքով չեն հարվածել, դա խոշտանգում չի համարվում։ Առաջին ատյանի դատարանն էլ նշել էր, որ հոգեբանական տառապանքի վերաբերյալ ապացույց չկա, ուստի խոշտանգում չկա»,- ավելացնում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը։
Տուժող կողմը վճռաբեկ բողոքում բազմաթիվ ապացույցներով հիմնավորել է, որ տեղի է ունեցել խոշտանգում․ պարտադիր չէ գործիքով ծեծի ենթարկել, որ արարքը համարվի խոշտանգում։ Վճռաբեկ դատարանից էլ, ցավոք, ակնկալիքերը մեծ չեն։
Ի դեպ, Արմեն Աղաջանյանին խոշտանգման ենթարկելու գործով առանձին վարույթով դատարան է ուղարկվել «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արտուշ Միրաքյանի մասով դատական գործը։ Գործը գտնվում է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։
Թողնել մեկնաբանություն