Skip to main content

Դատական մշտադիտարկման երկօրյա դասընթաց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց, ովքեր հետաքրքրված են դատական մշտադիտարկմամբ՝ տեսական և գործնական իրականացման մակարդակներում։ Այն իրականացվում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությանհամագործակցությամբ։

Դասընթացի նպատակն է դատական մշտադիտարկման (մոնիտորինգ) վերաբերյալ գիտելիքի տրամադրումը, իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև նրանց հմտությունների և կարողությունների զարգացումը՝ այդպիսով նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և նրանց հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։

Համագործակցության շրջանակներում կընտրվեն այն դիմորդները, ովքեր երկօրյա դասընթացի տեսական և գործնական` տեղի դատարաններում դատական նիստի մշտադիտարկման ներգրավման, փուլերին ամբողջական մասնակցության ցանկություն կհայտնեն:  Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել  մեր և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում հնարավոր մասնակցության համար անհրաժեշտ փորձ։

Դասընթացի տեսական մասում մասնակիցները կծանոթանան «Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցին։ Ի թիվս այլ թեմաների, կներկայացվեն նաև դատական մշտադիտարկման (մասնավորապես, քրեական գործերով նիստերի) առանձնահատկությունները, նպատակը, սկզբունքները, դատական մշտադիտարկման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքեր, դրանց պատճառները և օրինական կարգավորման հնարավորությունները։

Փորձառու մասնագետները կպատասխանեն մասնակիցների  հարցերին, նրանց կտրվի մշտադիտարկողի իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դասընթացից հետո։

Դասընթացի գործնական փուլում կկազմակերպվի մասնակիցների փորձնական այց տեղի մարզային դատարան՝ կազմակերպիչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների աջակցությամբ  դատական նիստ դիտորդելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների սննդի ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը։ Կպահպանվեն համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում դասընթացը տեղի կունենա մարտի 9-10-ին, որին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի մարտի 7-ը ներառյալ։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, մարզ, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ ներկայացնում եք որևէ ՀԿ-ի) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ karinetorosyan@hahr.am։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զարգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով