Մեր Մասին
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ն մի խումբ ակտիվիստների կողմից ստեղծված իրավապաշտպան կազմակերպություն է։ Այն գրանցվել է ՀՀ Արդարադատության նախարարությունում, 1997թ․ ապրիլին։ Կազմակերպության հիմնադիր նախագահն է երջանկահիշատակ Միքայել Դանիելյանը: Ասոցիացիան իր գործունեությունն իրականացնում է 1975թ․ օգոստոսին Հելսինկիում ստորագրված «Եվրոպայում համագործակցության և անվտանգության համաձայնագրի» և կազմակերպության կանոնադրության համաձայն։ Կազմակերպությունն ունի մասնաճյուղ Վանաձորում:
Ասոցիացիան զբաղվում է մարդու իրավունքների հարցերով։ Այն չունի քաղաքական, կրոնական կամ ազգային ուղղվածություն։ Կազմակերպության առաքելությունն է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոսքի և կրոնի ազատության, խաղաղ ցույցերի և հավաքների իրավունքի պաշտպանությունը դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, բանակում։ Իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված մարդու իրավունքներին առնչվող միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների իրականացման մշտադիտարկում:
Ի նշան ժողովրդավարական արժեքների տարածման և քաղաքացիական հասարակությունում ձեռքբերած հաջողությունների՝ 1998թ․ մայիսի 18-ին Ասոցիացիան արժանացել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի «Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության» պատվոգրի: Մարդու իրավունքների ոլորտում երկարամյա արդյունավետ փորձի և մասնավորապես 2008 թվականի ներքաղաքական թեժ իրադարձությունների ժամանակ ծավալած իրավապաշտպան գործունեության համար 2009թ․ հունվարին Մ․ Դանիելյանին շնորհվել է «Ազատության պաշտպան» մրցանակը:
Կազմակերպությունը համագործակցում է մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում գործող առաջատար տեղական և միջազգային, այդ թվում՝ դոնոր կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում գործող դիվանագիտական կառույցների հետ՝ հաջողությամբ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր։
Հելսինկյան ասոցիացիան տրամադրում է փաստաբանական և իրավաբանական ծառայություններ։