Արտակ Նազարյանի իրավահաջորդները պահանջում են մեղադրանք առաջադրել դատավորին
Կողմը նման պահանջ ներկայացնելու համար հիմք է ընդունել դատավորի կողմից վերջին դատական նիստում թույլ տրված խախտումը, որով այս գործով 5-րդ անգամ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը հեռացվել է դատարանի դահլիճից:
Նախորդ նիստին դատավորը մերժել էր Մարտիրոսյանի միջնորդությունը՝ որպես վկա դատարան հրավիրելու և հարցաքննելու դատաձգաբան փորձագետներին, ովքեր եզրակացություն էին տվել այն մասին, որ մարտական հենակետի անձնակազմի 11 զինծառայողներից վերցված խծուծներում յոթի մոտ առկա են եղել կրակոցի լրացուցիչ արգասիքներ հանդիսացող պղնձի մետաղացման հետքեր, ինչը կարող էր վկայել այն մասին, որ նշված յոթ զինծառայողները կարող էին գտնվել Նազարյանի մոտակայքում նրա վրա արձակված կրակոցի պահին:
Միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը ցանկացել է հանդես գալ հայտարարությամբ, սակայն դատավոր Մարդանյանը արգելել է դա անել, իսկ այն բանից հետո, երբ ներկայացուցիչը պնդել է, դատավոր Մարդանյանը դատական սանկցիա է կիրառել նրա նկատմամբ՝ հեռացնելով նրան դատական նիստերի դահլիճից:
«Մեղադրանքը պաշտպանող զինվորական դատախազները և դատավոր Սամվել Մարդանյանը, ով, ըստ էության, հանդես են գալիս որպես մեկ կողմ, դատավարությունը տանում են Ա. Նազարյանի ինքնասպանության կեղծ վարկածը ամեն գնով հիմնավորելու ուղղությամբ: Նրանք հրաժարվում են քննության առարկա դարձնել ճշմարտության բացահայտման համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ Արտակ Նազարյանին մահվանից մինչև մոտ 6 ժամ առաջ և մահվանից ոչ շատ առաջ պատճառված ֆիզիկական վնասվածքների ծագումը և դրանց համար մեղավոր անձանց, նշանակել Նազարյանի հագուստի դատակենսաբանական-դատաքիմիական համալիր փորձաքննություն, բջջային կապի հեռախոսային օպերատորներից պահանջել գործով անցնող մի շարք անձանց (տուժող, ամբաստանյալ, վկաներ) ձայնագրությունները»,- քրեական գործ հարուցելու հայտարարության մեջ հիշեցրել են գործով տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչներ Ռուբեն Մարտիրոսյանը և Մուշեղ Շուշանյանը:
Տեղեկատվությունը` Epress.am-ի:
Թողնել մեկնաբանություն