Skip to main content

Տիգրան Օհանջանյանի գործը (տեսանյութ)

 

Հիմնվելով գործում առկա բազմաթիվ անհամապատասխանությունների, կեղծիքների և թերությունների վրա` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը էլեկտրահարման վարկածն ապացուցող փաստեր չի գտել և արդարացրել է մեղադրյալներին: Մոտ 1 տարի 7 ամիս տևած դատաքննությունից հետո Տիգրան Օհանջանյանի գործը կրկին վերադարձվել է նախաքննության փուլ: 

Գործում առկա փաստերի անհամապատասխանությունն իրականությանը

Նախաքննության ընթացքում կեղծվել է Օհանջանյանի մահվան ժամը: Ըստ քրեական գործի նյութերի` մահը վրա է հասել ժամը 23:00-ի սահմաններում: Սակայն, երբ նույն զորամասում ծառայող զինվորներից մեկի մայրը հանդիպել է Օհանջանյանի ծնողներին, նա հայտնել է, որ օգոստոսի 30-ին, ժամը 21:00-21:10-ի սահմաններում, զորամասից զանգահարել է իր որդին ու հայտնել, որ Տիգրանը մահացել է: Հետագայում արդեն նախկին զինծառայողը հերքել է նման զանգի գոյությունը, սակայն Օհանջանյանի ծնողների պահանջով հրապարակվել է նրա հեռախոսից տվյալ օրը կատարված զանգերի ցուցակը, ինչը և հաստատել է մոր հետ ունեցած խոսակցության փաստը: Այս հանգամանքը նախաքննական մարմնի կողմից շարունակում է անուշադրության մատնվել:

Պարզ չէ նաև այն, թե իրեղեն ապացույց համարվող զինվորական հագուստը իրականում պատկանել է արդյոք Օհանջանյանին, թե ոչ: Մահվան հաջորդ օրը` առավոտյան, Գեղարքունիքի ՌՈ աշխատակիցը զորամասի տարածքում հայտնաբերել է Օհանջանյանի զինվորական վերնաշապիկը պատառոտված վիճակում: Քննիչ Գ. Մանուկյանը վերնաշապիկը փորձաքննության չի ուղարկել` օրենքով սահմանված կարգով: Դեպքից շուրջ երկու ամիս անց միայն տուժող կողմի բազմաթիվ բողոքներից հետո քննիչը փորձաքննության է ուղարկել մի զինվորական համազգեստ` ներկայացնելով որպես Օհանջանյանինը: Սույն համազգեստը չի կարող պատկանել Օհանջանյանին, քանի որ. 

ա. Դատելով համազգեստի լուսանկարներից` փորձագետին ուղարկված համազգեստը նոր է, առանց վնասվածքների, մինչդեռ Օհանջանյանի իրական հագուստը պատառոտված էր, փոշոտ (գործում կա համապատասխան լուսանկար),

բ. Օհանջանյանի կազմվածքին համապատասխանում է 52 չափսի համազգեստ, մինչդեռ քննիչը փորձագետին էր ուղարկել 46 չափսի համազգեստ:

Դատաբժշկական փորձաքննությամբ չեն արձանագրվել մարմնի վրա առկա բոլոր վնասվածքները: Նշված չէր, որ Օհանջանյանի ձախ ականջը վնասված էր, ուռած, կարմրած և տարբերվում էր աջից: Նշված չէր, որ մահացածի մատները ափի կողմից կապտած էին: Բացի այդ, բանակ զորակոչվելիս, Օհանջանյանը չուներ առջևի կտրող ատամներից մեկը, իսկ դատաբժիշկն արձանագրել էր, որ վերևի ատամնաշարն ամբողջական էր:  

Իրեղեն ապացույց համարվող ձգալարը, որին քննիչի պնդմամբ դիպչել է Տ. Օհանջանյանը և հոսանքահարվել, Գ. Մանուկյանի կողմից օրենքով սահմանված կարգով չի առգրավվել: Դատարանում քննիչը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ձգալարը վերցրել է զ/մ-ի պահեստից: Ձգալարի վրա չկան տուժողի ԴՆԹ-ի հետքեր:

2011 թվականի սկզբին ՀՀ նախագահի հրահանգով ՀՀ նոր զին. դատախազ Գ. Կոստանյանը երկու անգամ այցելել է Կարճաղբյուրի զորամաս և ուսումնասիրել այն տարածքը, որը նախաքննական մարմնի կողմից նախկինում ներկայացվել է` որպես դեպքի վայր: Մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում, զին. դատախազը եկել է այն եզրակացության, որ դեպքի վայրը կեղծվել է Գ. Մանուկյանի կողմից, և որ քննիչի կողմից նշված հանգամանքներում տուժողը չէր կարող ստանալ դատաբժշկական փորձաքննության մեջ նշված մարմնական վնասվածքները: 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով