Մեղադրողը անհայտ պատճառներով չի ներկայանում դատական նիստերին
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից հիմնավորվում է, որ Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել բացառապես դատապարտյալներ Սուրեն Գասպարյանի և Խաչիկ Մակարյանի հակասական ցուցմունքների հիման վրա, որոնք դատավարության ընթացքում պատճառաբանել են, որ զրպարտչական ցուցմունքները են տվել խոշտանգումների արդյունքում: Ընդ որում, Ս.Գասպարյանի մարմնական վնասվածքները արձանագրվել են “Նուբարաշեն” ՔԿՀ-ի կողմից, սակայն առաջացման պատճառները նշվել են ՁՊՎ-ում քնելատեղից ընկնելու հետևանքով /ինչպես և բոլոր նմանատիպ դեպքերում/: Ի դեպ պետք է նշել, որ դատարանը որևէ կերպ չի արձագանքել խոշտանգման վերաբերյալ հայտարարություններին:
Քրեական գործով Ա.Հովհաննիսյանի մասնակցությունը հիմնավորող որևէ ապացույց չկա, տուժողը չի տեսել երրորդ անձին և միայն ենթադրելով` մարմնակազմությունից ելնելով, մատնանշել է ամբաստանյալին: Նախաքննության մարմինը չի ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես Ա.Հովհաննիսյանի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող հանգամանքները: Չի կատարվել առերես հարցաքննություն, թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65 հոդվածով մեղադրյալն իրավունք ունի առերես հարցաքննվել իր դեմ վկայած անձանց հետ: Մերժվել է նաև միջնորդությունը Ա.Հովհաննիսյանին դատապարտյալներ Սուրեն Գասպարյանի և Խաչատուր Մակարյանի հետ առերես հարցաքննելու մասին:
Սուրեն Գասպարյանի և Խաչատուր Մակարյանի նկատմամբ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ ամբաստանյալ Ա.Հովհաննիսյանի վերաբերյալ դատաքննությունը նոր է սկսվել: Դատարանում ամբաստանյալը հրաժարվելէ դեռևս նախաքննության փուլից իր շահերի պաշտպան Էլիզա Կոստանյանից: Ա.Հովհաննիսյանի շահերի պաշտպանությունը ստանձնել են “Հելսինկյան ասոցիացիայի” փաստաբաններ` Ն.Կարապետյանցն ու Գ.Խաչատրյանը: Պետք է նշել, որ արդեն երկրորդ դատական նիստն է մեղադրանքը պաշտպանող Շենգավիթ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ` Տ.Պողոսյանը անհայտ պատճառներով չի ներկայանում դատական նիստերին:
Շարունակելի…
Թողնել մեկնաբանություն