Skip to main content

Լեռնային Ղարաբաղում ժամկետային զինծառայող է մահացել

Զինվորի հարազատներից Գեւորգ Սահակյանը մասնակցել է դիահերձմանը: Նա նկարագրում է իր տեսած վնասվածքները: “Ականջի հետեւն էր վնասված, ձախ աչքը լրիվ վնասված էր` կապտուկներ եւ վերք կար, աջ կողմից` կողքը ծակած, դանակի հարված է եղել երեւի”, – ասում է Սահակյանը:

Զինվորի ընտանիքն արդեն ստացել է մահվան վերաբերյալ նախնական տեղեկանքը, որում եզրակացություն տված բժիշկը մահվան պատճառների մեջ նշում է մի քանիսը` գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարում, փակ, բութ գանգուղեղային վնասվածք, արյունազեղումներ, քերծվածքներ, սալջարդ վերքեր` գլխի, իրանի, վերջույթների շրջանում:

Մայրն ասում է, թե զորամասից իրենց սկզբում այլ լուր էին հաղորդել, ասելով, թե  իբր որդին թունավորվել է: Հետո էլ հարցրել էին, թե հնարավո՞ր է տղան էպիլեպսիայով է տառապել:  Զինվորի հորեղբոր պնդմամբ էլ, սկզբում հրամանատարական կազմից հայտնել են, թե էպիլեպսիա հիվանդության պատճառով զինվորը ուշագնաց է եղել, ինչի հետեւանքով վայր է ընկել անկողնուց ու ստացել վնասվածքներ:

Զինվորի մայրը պատմում է, թե որդու հետ դեպքից երեք օր առաջ էր խոսել: Մայրը զգացել է, որ որդին տրամադրություն չունի:”Իրա տրամադրությունը ինձ դուր չեկավ, բայց ոչինչ չասեց, հարցրեցի` ասաց` լավ եմ”, – ասում էր Գայանե Աբրահամյանը:

 Զինվորի մահվան դեպքի առնչությամբ դեռեւս ձերբակալվածներ չկան: Մահացած զինվորի հարազատները նշում են, որ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

Պաշտպանության նախարարությունը, ելնելով նախաքննության շահերից, տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե ո՞վ կամ ովքե՞ր են զինվորին դիտավորությամբ պատճառել ծանր վնասվածքներ, ինչո՞ւ հրամանատարական կազմը չի կարողացել միջամտել կատարվածին, եւ կամ ի՞նչ կարգի վնասվածքներ է ստացել զինվորը, որ հոսպիտալում անզոր են եղել փրկել նրա կյանքը:
Սա, ըստ իրավապաշտպանների, բանակում այս տարվա արդեն 20-րդ դեպքն է, երբ զինվորը, ըստ նախաքննության, կա’մ ինքնասպանություն է գործում, կա’մ մահանում մեկ ուրիշի ձեռքերով:
Պաշտոնական տվյալներով` 2010 թվականին հայկական զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցվել է մահվան 43 դեպք:

Տեղեկատվությունը http://www.azatutyun.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով