Հ. Մելքումյանն ու Մ. Գրիգորյանը նույնպես ենթարկվել են բռնությունների, որի մասին պատմել են իրենց հայտարարություններում` ուղղված ՙՀելսինկյան ասոցիացիա՚ իրավապաշտման հասարակական կազմակերպությանը: Թեպետ նրանք այս ամենի վերաբերյալ ավելի վաղ ցուցմունք էին տվել Լ. Գուլյանի սպանության քննությունն անցկացնող դատախազին, այնուամենայնիվ Հ. Մելքումյանի և Մ. Գրիգորյանի նկատմամբ իրականացված անօրինությունների վերաբերյալ այս գործին ՀՀ դատախազությունն ընթացք չտվեց: Այդ իսկ պատճառով 2007թ. հուլիսի 09-ին Հելսինկյան ասոցիացիան դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով հիմք ընդունել Հայկ Սարգսի Մելքումյանի և Մարինե Հրանտի Գրիգոորյանի հայտարարություններն իրենց դեմ իրականացված անօրինականությունների վերաբերյալ, կատարել խորացված և բազմակողմանի քննություն, գտնել մեղավորներին և ենթարկել պատասխանատվության:
Այս գործն այլ ընթացք ստացավ, երբ Լ. Գուլյանի գործով (թիվ 63200707 քր. գործ) քննիչ Հրանտ Չախոյանը իր մոտ հրավիրեց Հ. Մելքումյանին և Մ. Գրիգորյանին, իբր Լ. Գուլյանի գործով լրացուցիչ հարցաքննության համար: Մինչդեռ Հ. Մելքումյանին ու Մ. Գրիգորյանին հարցեր ուղղվեցին իրենց հայտարարության վերաբերյալ: Ավելին, Հ. Չախոյանը փորձեց նրանց վրա ճնշում գործադրել, որպեսզի նրանք հայտարարեն, թե իրենց Հելսինկյան ասոցիացիայում ստիպել են հայտարարություն անել: Դրա վառ ապացույցն է հենց տուժող Մ. Գրիգորյանի ցուցմունքը, որտեղ նա նշում է, որ Հելսինկյան ասոցիացիա է դիմել իր կամքով: ՀՀ դատախազության այսօրինակ գործելակերպի վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիան տեղյակ պահեց ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Ա. Պետրոսյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանին, Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին և միջազգային կազմակերպություններին` միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջելով անցկացնել ծառայողական քննություն` քննիչ Հ. Չախոյանին պատասխանատվության ենթարկելու համար (տե`ս 01-33 դիմումը): Սակայն մինչև օրս սույն փաստով և ոչ մի արդյունք չկա: Ավելին, երբ Մ. Գրիգորյանը սույն թվականի օգոստոսի 02-ին հրաժարվեց ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ նրան գրավոր դրա մասին չեն ծանուցել, այլ ոմն Մնացականյանի կողմից եղել է միայն բանավոր ծանուցում, ՀՀ գլխավոր դատախազությունը, մնալով իրեն բնորոշ գործելաոճի սահմաններում, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Մ. Դանիելյանին մեղադրեց քննությանը խոչընդոտելու մեջ (տե`ս 01-35 միջնորդագիրը): Ավելացնենք, որ Մ. Դանիելյանը 2007 թ. սեպտեմբերի 03-ին և 06-ին կանչվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչություն` նախ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Մ. Դանիելյանի հաղորդման կապակցությամբ բացատրություններ տալու, ապա ՀՀ գլխավոր դատախազին Մ. Դանիելյանի կողմից ներկայացված միջնորդության կապակցությամբ բացատրություն տալու վերաբերյալ: Սակայն, նույն բաժնի դատախազ Ս. Մնացականյանը Մ. Դանիելյանին հարցեր է ուղղել 01-33 Հելսինկյան ասոցիացիայի դիմումի վերաբերյալ: Այս ամենը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ընտրել էր Հելսինկյան ասոցիացիայի նկատմամբ հերթական արշավն սկսելու քաղաքականությունը, իսկ ՙգործը սարքել հաղորդման, միջնորդության, թե դիմումի հիման վրա՚, դա նշանակություն չունի:
Հելսինկյան ասոցիացիան, ինչպես Լ. Գուլյանի սպանության, այնպես էլ այս գործով նույնպես հետամուտ է լինելու, որպեսզի Մարինե Գրիգորյանի և Հայկ Մելքումյանի նկատմամբ բռնություններ իրականացրած անձինք ենթարկվեն պատասխանատվության: Մենք միաժամանակ կարծում ենք, որ սույն գործի բացահայտումը կօգնի լույս սփռել Լ. Գուլյանի սպանության առավել մութ կետերի վրա:
Թարմացվել է 26.09.2007
Թողնել մեկնաբանություն