DIY ակումբը հրկիզած ազգայնական եղբայրները չեն նստի. դատն ընթացավ արագացված կարգով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
| Դատարան | No Comments on DIY ակումբը հրկիզած ազգայնական եղբայրները չեն նստի. դատն ընթացավ արագացված կարգով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացել է DIY բարի հրկիզման գործով արագացված դատավարությունը:
Երևանի կենտրոնում՝ Փարպեցու փողոցում գտնվող DIY բարը նախորդ տարվա մայիսին մի քանի անգամ հարձակման էր ենթարկվել ազգայնական խմբավորման անդամների կողմից: Առաջին հարձակման ժամանակ իրանահայ եղբայրներ Արամեհ և Համբիկ Խաբազյանները պայթեցրել էին ակումբը` կոտրելով ապակին և բենզինով շիշը ներս նետելով, որից հետո ձերբակալվել էին: Ակումբին հասցվել էր 3.227.563 դրամի գույքային վնաս: Եղբայրներից մեկին ազատել էին ստորագրության դիմաց, մյուսի համար մեկ միլիոն դրամ գրավ էր վճարվել, իսկ նրա երաշխավորներն էին ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը:
Արամեհ և Համբիկ Խաբազյանները՝ պաշտպանների հետ
Ինչպես Epress.am-ին պատմել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Էդուարդ Դանիելյանը, քանի որ ամբաստանյալներն ընդունել են իրենց մեղքը, այսօրվա նիստի մեկնարկին արագացված դատավարություն անցկացնելու միջնորդություն են ներկայացրել, որը դատարանն ընդունել է:
Դեռևս նախաքննության փուլում մեղադրվող կողմը խնդրել էր արագացված դատավարություն կազմակերպել, որի դեպքում հնարավոր է մեղմացնել մեղադրանքը, սակայն այն ժամանակ մեղադրող դատախազը հրաժարվել էր մեղադրանքը փոխել: Այսօր՝ դատական վիճաբանությունների փուլից հետո՝ դատախազը համաձայնել է 185-րդ հոդվածին (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) ավելացնել 70-րդ հոդվածը (Պատիժը պայմանականորեն չկիրառել):
Ամբաստանյալի պաշտպանը նշել է, որ դեռևս նախորդ տարի եղբայրները վճարել էին նախնական 4 մլն դրամ, որը փոխանցվել էր դատական դեպարտամենտի հաշվին: Պաշտպանի խոսքով՝ վնասի փոխհատուցման գումարը պետք է գանձվի հենց այդ հաշվից:
Գագիկ Պողոսյան
Դատավարությանը հետևող «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը, սակայն, պատիժն անարդար է համարել:
Նրա խոսքով՝ սպասելի էր, որ դատարանը կսահմանափակվի պայմանական ազատազրկմամն և վնասի փոխհատուցմամբ:
«Հաշվի չեն առնում, որ դա հստակ տեռորիստական ակտ էր՝ ուղղված փոքրամասնություների դեմ», – ասել է Մամիկոն Հովսեփյանը՝ նշելով, որ հենց անպատժելիության մթնոլորտն է բերում նոր հանցոգործությունների:
Նշենք, որ Արմինե Օգանեզովան դատական նիստերին ներկա չի եղել. նա ընկերների հորդորով իրադարձություններից հետո արտագաղթել էր Շվեդիա:
Դեպքից հետո, դեռևս Երևանում գտնվելով` Արմինե Օգանեզովան ասել էր, որ եղբայրները ազգայնական կազմակերպության անդամներ են, որոնք բացման օրվանից ատելության հողի վրա մի քանի անգամ հարձակումներ է գործել բարի վրա: Բարը պայթեցնելը Օգանեզովան կապել էր նաև նրա հետ, որ ինքը գնացել էր Թուրքիա, և մասնակցել այնտեղ կազմակերպված գեյ-շքերթին: Նա նշել էր, որ հարձակվողները «շատ պարզ ֆաշիստական խմբի անդամներ են»:
Դեպքին գնահատական էին տվել նաև իրավապաշտպանները: Մասնավորապես, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, հարձակումից անմիջապես հետո դեպքի վայր մեկնելով, տեղի ունեցածը որակել էր որպես «պետական ազգայնական հարձակում»: Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը մտահոգություն էր հայտնել թե կատարվածի, թե դրան հաջորդած վերաբերմունքի վերաբերյալ: Նա նշել էր, թե այն, որ պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը ուշանում են դատապարտել ահաբեկչական քայլը, թույլ է տալիս մտածել, որ նման հանցագործությունները տանելի են մեր հասարակության համար:
Դիտումներ: 721
Թողնել մեկնաբանություն