Skip to main content

Հելսինկյան Ասոցիացիայի դիմումը ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ՊՐՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ
ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԴԻՄՈՒՄ

Ս.թ. հուլիսի 09-ին “Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան հ/կ-ի նախագահ Միքայել Դանիելյանը դիմել էր Ձեզ` հայտնելով, որ Հելսինկյան ասոցիացիային են դիմել Հայկ Սարգսի Մելքումյանն ու Մարջիկ Հրանտի Գրիգորյանը` հայտարարություն տալու առ այն, որ ս.թ. մայիսի 10-12-ն ընկած ժամանակահատվածում իրենք անհիմն կերպով բերման են ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն (Մ. Գրիգորյանին տարել են նաև ՀՀ ոստիկանության քննչական վարչություն)` իրենց աշխատավայրի մոտ տեղի ունեցած սպանության վերաբերյալ ցուցմունքներ ստանալու նպատակով: Այս ամենն ուղեկցվել է մի շարք ապօրինի գործողություններով` ազատությունից անօրինական զրկում, բռնություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք: Հիմք ընդունելով վերոհիշյալը` Հելսինկյան ասոցիացիան միջնորդել էր գործի այս դրվագով կատարել խորացված և բազմակողմանի քննություն, գտնել մեղավորներին և ենթակել պատասխանատվության:
Սույն փաստով քրեական գործ հարուցելու փոխարեն` մեզ համար անհասկանալի պատճառներով Մ. Գրիգորյանի և Հ. Մելքումյանի հայտարարությունների վերաբերյալ մեր դիմումը հայտնվել է Լ. Գուլյանի սպանության փաստով հարուցված թիվ 63200707 քր. գործով քննիչ Հրանտ Չախոյանի մոտ: Հ. Չախոյանը ս. թ. հուլիսի 20-ին իրեն մոտ է հրավիրել վերոնշյալ հայտարարությունների հեղինակներ Հ. Մելքումյանին և Մ. Գրիգորյանին` իբր թիվ 63200707 քր. գործով լրացուցիչ հարցաքննության համար, սակայն Հ. Մելքումյանին և Մ. Գրիգորյանին հարցեր են ուղղվել իրենց հայտարարությունների վերաբերյալ: Հ. Չախոյանը փորձել է ուղղորդել Հ. Մելքումյանին և Մ. Գրիգորյանին, որպեսզի նրանք ցուցմունք տան առ այն, որ Մ. Դանիելյանը նրանց ստիպել է անել այս հայտարարությունները, մինչդեռ հայտարարություն տալու նախաձեռնությունը պատկանում է Հ. Մելքումյանին և Մ. Գրիգորյանին, որոնք չտեսնելով իրենց դեմ իրականացված բռնությունների քննության որևէ արդյունք` դիմել են Հելսինկյան ասոցիացիա:
Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, համոզված լինելով, որ  Հ. Չախոյանի այսօրինակ գործողությունները պետք է դիտարկել որպես պաշտոնական դիրքի չարաշահում` պահանջում ենք, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազությունն անցկացնի ծառայողական քննություն` քննիչ Հ. Չախոյանին պատասխանատվության ենթարկելու համար: Հելսինկյան ասոցիացիան կրկին անգամ պահանջում է Հ. Մելքումյանի և Մ. Գրիգորյանի հայտարարությունների հիման վրա հարուցել քրեական գործ` նրանց դեմ խոշտանգումներ և բռնություններ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, ինչը ենթադրվում է ՄԱԿ-ի “Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ” (10 դեկտեմբերի 1984թ.) կոնվենցիայի թիվ 12-13 հոդվածներով (Հայաստանի  Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. հոկտեմբերի 13-ից` ՀՀ ԱԳՆ Պաշտոնական տեղեկագիր N 4 (12), 20 դեկտեմբերի 2004թ., էջ. 116-126):

Կից ներկայացնում ենք Մ. Գրիգորյանին և Հ. Մելքումյանին ուղարկված ծանուցագրերը (1 էջ):

ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով