Skip to main content

Խալաֆյանի գործով վերաքննիչ բողոքները մերժվեցին

Վահան Խալաֆյանի հարազատները Վերաքննիչ դատարանից պահանջել էին Աշոտ Հարությունյանին դատապարտել ոչ թե Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու, այլ նրա նկատմամբ բռնություններ կիրառելու համար: Տուժող կողմը պահանջել էր նաեւ խստացնել Մորես Հայրապետյանի պատիժը` պայմանական ազատազրկումը փոխարինելով ազատազրկմամբ եւ չեղյալ համարել օպերլիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին արդարացնող որոշումը:Դատարանը որոշեց 2011թ. մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներման մասին որոշման համաձայն համաներում կիրառել ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի նկատմամբ` նրա պատժի չկրած մասը կրճատելով մեկ երրորդով: 2010թ. նոյեմբերի 29-ին  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հարությունյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման: Աշոտ Հարությունյանին ներկայացվել էր մեղադրանք, համաձայն որի`նրա կիրառած բռնությունների հետեւանքով է Վահան Խալաֆյանը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղել: Դատարանը համաներում կիրառեց նաեւ Չարենցավանի ոստիկանության օպերլիազոր Մորես Հայրապետյանի նկատմամբ՝ նա ազատվեց պատժից: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Հայրապետյանին դատապարտել էր պայմանական ազատազրկման երկու տարվա փորձաշրջանով:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով