Skip to main content

Խաչիկ Հովսեփյանի գործը

Այն մասին, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ներկայումս այլ գործով`Վ.Խալաֆյանի սպանության գործով, որպես մեղադրյալ ներգրավված և կալանքի տակ գտնվող Չարենցավանի քրեական հետախուզման աշխատակիցների կողմից, քրեական գործով մեղադրյալներ`Խաչիկ Արամայիսի Հովսեփյանը, Ավետիք Գևորգյանը, Վալերի Զակիյանը,  ինչպես նաև վկա Արթուր Սիմոնյանը, գրավոր դիմել են ՀՀ  գլխավոր դատախազին, ինչպես նաև “Հելսինկյան ասոցիացիա”-ի նախագահին: Մասնավորապես` Խաչիկ Հովսեփյանին ենթարկել են ծեծի`ինքնազրպարտչական ցուցմունքներ ստանալու նպատակով, ինչին վերջ դնելու համար վերջինս կոտրել է լուսամուտի ապակին և փորձել ինքնասպան լինել`ապակիով հարվածելով որովայնի հատվածին, Ավետիք Գևորգյանին, որը տառապում է բրոնխիալ ասթմա հիվանդությամբ, ենթարկել են ծեծի, ինչպես նաև ձեռքից վերցրել շնչառության համար անհրաժեշտ դեղորայքը, ինչից ելնելով վերջինս ստիպված զրպարտչական ցուցմունքներ է տվել Խաչիկ Հովսեփյանի դեմ, Վալերի Զակիյանին ենթարկել են ծեծի և մեկ օր ձեռնաշղթաներով պահել  ջեռուցման մարտկոցին գամված, իսկ գործով վկա Արթուր Սիմոնյանին   մոտ 24 ժամ ապօրինի պահել են բաժնում, խոշտանգել և ցուցմունք կորզել, իսկ նրան պատկանող ավտոմեքենան,  որը գրավադրված է եղել բանկում, տաս օր մնացել է բաժնի տարածքում: Նշված ավտոմեքենան Ա.Սիմոնյանը շահագործում էր որպես տաքսի և նրա ապրուստի միակ միջոցներ, չշահագործելու արդյունքում հնարավորություն չի ունեցել մարել վարկը, ինչի հետևանքով ստիպված վաճառել է այն: Այս փաստի առթիվ վերջիններս դեռևս օգոստոս ամսին բողոք են հղել ՀՀ գլխավոր դատախազին, որը մնացել է անհետևանք և ընթացք տալու փոխարեն ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան քրեական  գործի հետ ընթացք տալու համար, այնուհետև երբ դատարանում ամբաստանյալները կրկին հայտնել են իրենց նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումների մասին, դատարանի միջնորդությամբ դեկտեմբեր ամսին ՀՔԾ դատախազ Կ.Փիլոյանի հսկողության ներքո/որն ի դեպ հանդես էր գալիս որպես մեղադրող Վ.Խալաֆյանի քրեական գործով/,  նյութեր է նախապատրաստել և 10.12. 2010 թ-ին մերժել է քրեական գործի հարուցումը հանցադեպի բացակայության պատճառով: Դիմումներում նշված հանգամանքերը պարզելու համար բացատրություններ է վերցրվել նախկին և ներկայիս ոստիկանության աշխատակիցներ` Ա.Հարությունյանից, Մ.Հայրապետյանից, Ս.Տոնոյանից, Ա.Մկրտչյանից և Գ.Հազեյանից, որոնք բնականաբար պետք է հերքեին Արթուր Սիմոնյանի, Ավետիք Գևորգյանի, Խաչիկ Հովսեփյանի և Վալերի Զակիյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ինչպես նաև քրեական գործով մյուս ամբաստանյալ Գառնիկ Բունիաթյանից, ով պաշտպանյալիս դեմ զրպարտչական ցուցմունքներ է տվել: Տարօրինակ է, որ արժանահավատ են ճանաչվել ոստիկանների, մասնավորապես` նախկին ոստիկաններ Աշոտ Հարությունյանի և Մորես Հայրապետյանի բացատրությունները, այն դեպքում, որ արդեն իսկ Վ.Խալաֆյանի գործով հաստատվել է բռնության, խոշտանգման ենթարկելու և ինքնասպանության հասցնելու նրանց ունակությունը և փաստը: Դիմումատուների բացատրությունները գնահատելիս քննիչը մատնանշել է այն հանգամանքը, որ վերջիններս իրենց նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումների մասին բարձրաձայնել են օգոստոս ամսին, անտեսելով  դատախազության անգործությունը, որը անգամ չի արձագանքել բողոքներին: Հատկանշական է, որ Չարենցավանի բաժնի ՁՊՎ-ում զննությամբ Ա.Գևորգյանի և Խ.Հովսեփյանի մարմինների վրա վնասվածքներ են հայտնաբերվել, սակայն “պատահական զուգադիպությամբ” երկուսի մոտ էլ այն առաջացել են իրենց տան շենքի բակում սայթաքելու ու վայր ընկնելու հետևանքով, ինչպես նաև Խ.Հովսեփյանի որովայնի վրա և մատներին դատաբժիշկը սպի արձանագրել է, բայց փորձաքննությունը ուշ նշանակվելու պատճառով վաղեմությունը չի կարողացել պարզել: Խ.Հովսեփյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու կապակցությամբ դատարանը, քրեական գործից անջատել է մասը, մնացած ամբաստանյալների նկատմամբ սուն թվականի ապրիլի 22-ին կայացվել է մեղադրական դատավճիռ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով