Բռունցքային արդարադատություն: Հերթական խոշտանգման դեպքը ոստիկանությունում. Տեսանյութ
| Խոշտանգումներ | No Comments on Բռունցքային արդարադատություն: Հերթական խոշտանգման դեպքը ոստիկանությունում. Տեսանյութ
«Նման դաժան ծեծով ոստիկանները ոչ միայն հանցագործություն են կատարել, այլև անցել են բոլոր թույլատրելի սահմանները: Մենք այս գործով կբողոքենք մինչև Եվրոպական դատարան», – Epress.am-ին ասել է Հելսինկյան ասոցիացիայի անդամ, փաստաբան Անի Թորոսյանը:
Նա նշել է, որ ձերբակալվածին տեղափոխելով քննիչ Ավագյանի սենյակ՝ ոստիկանները շարունակել են ծեծը: Չկարողանալով կանգնած մնալ՝ Մհերը ընկել է պատուհանի վրա, այն ջարդվել է, և վնասվածքներ պատճառել երիտասարդին:
Մհերի հորաքույրը՝ Ռիտա Անդրեասյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ տղան տանից դուրս է եկել նոյեմբերի 15-ին՝ երեխային դպրոց տանելու համար, և չի վերադարձել: Ամբողջ գիշեր տան անդամները զանգել են նրան, հեռախոսին ոչ ոք չի պատասխանել, հաջորդ օրը հարցուփորձերի արդյուքնում հարազատները պարզել են, որ նա Նոր Նորքի ոստիկանությունում է: Ընտանիքի անդամները գնացել են նրան տեսնելու:
«Ես խնդրում էի թույլ տային հանդիպել որդուս, երբ տեսա՝ վերևից մի 8 հոգի մեկին թևերից բռնած իջեցնում են: Ես չճանաչեցի որդուս, դեմքը ուռած էր, կարծես երկու դեմք լիներ, սպարտիվկայից ու «մամ, չես ճանաչո՞ւմ» ասելուց հետո հասկացա, որ ծեծվածը Մհերն է», – պատմել է Անդրեասյանի մայրը՝ Ոսկի Գևորգյանը (լուսանկարում):
Կինը որդուն տեսնելուց հետո վատ է զգացել, նրան հիվանդանոց տանելու համար ոստիկանները շտապ օգնություն են կանչել, պարզվել է՝ կնոջ մոտ նախակաթվածային վիճակ է:
Մհերը հետագայում պատմել է նաև, որ պահանջել է իր մոտ փաստաբան կանչել՝ ոստիկանները ասել են՝ «տո լավ է, ի՞նչ փաստաբան»:
Թորոսյանի խոսքով՝ խախտումներով է կազմվել նաև դատաբժշկական փորձաքննությունը:
«Մի քանի՝ ամենաշատը 1 սմ-ոց վերքեր են նշված այդ եզրակացության մեջ, իսկ Մհերի վնասվածքները շատ են: Կան մինչ օրս ցավացնող վերքեր, երիկամների ցավից չի կարողանում միզել: Մենք պահանջում ենք նոր փորձաքննություն»,- ասել է Թորոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ քննիչը հերքում է, որ Մհերին խոշտանգել են. նա ասում է, թե Մհերը փորձել է փախչել և ընկել է ապակու վրա: Այժմ Թորոսյանը բողոքարկում է կալանք սահմանելու մասին վճիռը Վերաքննիչ դատարանում:
Լուսանկարը և տեղեկատվությունը` Epress.am-ի:
Դիտումներ: 1,082
Թողնել մեկնաբանություն