Նոր մանրամասներ Արման Վեզիրյանի գործով. Նինա Կարապետյանց
Մեղադրողի վերաբերյալ արվեց բացարկի միջնորդություն: Միջնորդության հիմքում դրված էր այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով քրեական գործ կարող է հարուցվել բացառապես տուժողի մասնավոր բողոքի հիման վրա: Որպես միջնորդության հիմնավորում մեջբերվել էին քրեական օրենսգրքի սույն խնդիրը կարգավորող մի շարք հոդվածներ, մասնավորապես. «Հոդված 33. Քրեական հետապնդումը հանրային և մասնավոր մեղադրանքի գործերով»:
«1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:
2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը»:
Համաձայն ՀՀ քր. դատ. օր.-ի 34 հոդվածի.
«1. Հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը հանցագործության մեջ կասկածվող անձին կարող են ձերբակալել, հարցաքննել, նրա նկատմամբ կիրառել դատավարական հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրավել և մեղադրանք առաջադրել` սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
2. Դատախազը պարտավոր է դատարանում պաշտպանել մեղադրանքը, քանի դեռ չեն հայտնաբերվել քրեական հետապնդումը կամ քրեական գործի վարույթը բացառող հանգամանքներ:»
Իսկ համաձայն 183 հոդվածի. «Տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերը»`
«1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 119-րդ հոդվածի 1-ին մասով, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 121-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 124-րդ հոդվածի 1-ին մասով, 128-րդ հոդվածի 1-ին մասով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 158-րդ հոդվածի 1-ին մասով, 174-րդ հոդվածով, 177-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 1-ին մասով, 181-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 184-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, 186-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 197-րդ հոդվածով, 213-րդ հոդվածի 1-ին մասով, 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի`խորհրդակցական սենյակ հեռանալը»:
Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի. 4) կետի` քրեական հետապնդումը բացառվող հանգամանք է համարվում, եթե «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը»:
Համաձայն քրեական օրենսգրքի 35 հոդվածի 4. -րդ մասի` «Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է»:
Նինա Կարապետյանցի համոզմամբ իր իրավացի լինելը, այսինքն օրենքի ճիշտ մեկնաբանելը ապացուցվեց նաև վերջերս Ազգային Ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտնի ելույթով: ՀՀ գլխավոր դատախազը Ազգային Ժողով էր ներկայացել արդեն համաշխարհային աղմուկ հանած, այսպես կոչված «Սիվիլիթասի» գործով նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին պատասխանատվության ենթարկելու թույլտվություն ստանալու համար: Նրա ելույթից հետո` հարց-պատասխանի ժամանակ, ի պատասխան հնչած հարցին` արդյոք որևէ մեկը բողոքել է գումարներ ուրացնելու հարցով, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Օրենքը կարգավորում է այս հարցը: Կան գործեր որոնցով, եթե անձը չի բողոքում հակառակ կողմի նկատմամբ քրեական գործ չի կարող հարուցվել: Առանձնացված են միայն այն գործերը, որպես մասնավոր բողոքի հիման վրա հարուցվող գործեր, որոնցով անձը հետապնդում է մասնավոր շահ»:
Արման Վեզիրյանի պաշտպան Նինա Կարապետյանցը հայտնում է, որ պատրաստ է ընդունել իր օրենքի սխալ միակողմանի, խիստ կողմնակալ մեկնաբալելը, եթե սույն մեղադրողը հայտնի, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նմանատիպ վերաբերմունք է դրսևորել վերը նշված ելույթի ժամանակ: Ելնելով վերոգրյալից` մեղադրող Աբրահամյանին հայտնվել է բացարկ:
Թողնել մեկնաբանություն