Ահաբեկված ու ոչ գրաճանաչ ընթերականեր, գործին չտիրապետող հետաքննիչ, արդյունքում՝ անհիմն մեղադրանք. տեսանյութ
Ինչպես նշել ենք նախորդ նյութում՝ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել «Հայտնաբերված փաթեթը զննելու և առգրավվելու մասին» արձանագրությամբ նշված ընթերականերին՝ Արտյոմ Սարգսյանին և Գուրգեն Ռաֆիկի Հայրապետյանին, քանի որ ամբաստանյալ՝ Մ.Մանուչարյանը դատարանում ցուցմունք տալու ընթացքում հայտնել էր, որ որևէ ընթերակա ներկա չի եղել այդ գործաղության և նշված արձանագրությունը կազմելիս:
Դատարանում ընթերակաների հարցաքննության ժամանակ ի հայտ եկավ այն փաստը, որ արձանագրությամբ նշված ընթերականերից Արտյոմ Սարգսյանը բաժին է հրավիրվել և արձանագրությունը ստորագրել է բռնի ուժով և սպառնալիքներով, վերջինս չի հասկացել իր ներկայությամբ կատարվող գործողությունները, ավելին չի ծանոթացել արձանագրությանը, իր ներկայությամբ զանգվածը չի կշռվել, չի փաթեթավորվել:
Արձանագրությամբ նշված մյուս ընթերական՝ 1931 թվականին ծնված Գուրգեն Ռաֆիկի Հայրապետյանը բնակվող ք. Գորիս Նարեկացու 8 հասցեում, դատարան այդպես էլ չներկայացավ թեև դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել, փոխարենը դատարան էր բերման ենթարկվել՝ 1932 թ-ին ծնված Գուրգեն Ներսեսի Հայրապետյանը բնակվող ք. Գորիս Նարեկացու 13 շենք: Դատավոր՝ Ն.Օհանյանը, ստուգելով անձնագրային տվյալները համարեց, որ 1931 թվականին ծնված Գուրգեն Ռաֆիկի Հայրապետյանը բնակվող ք. Գորիս Նարեկացու 8 հասցեում, և 1932 թ-ին ծնված Գուրգեն Ներսեսի Հայրապետյանը բնակվող ք. Գորիս Նարեկացու 13 շենք, նույն անձն է, և որոշեց հարցաքննել վերջինիս, որից նաև պարզ դարձավ, որ դատարան բերման ենթարկված անձը գրաճանաչ չի, բացարձակ չի ընկալում կողմերի ու դատարանի հարցերը, այլ մեխանիկորեն բոլոր հարցերին պատասխանում է, որ «սեղանին շարած էր 15 հատ կապույտ գույնի կտորներ», որոնք ցուցմունքի ընթացքում դարձան դեղին, սպիտակ և այլ գույներ:
Մեղադրող կողմի միջնորդությամբ դատարան էր հրավիրվել նաև արձանագրությունը կազմած անձը, ով իբրև չէր հիշում այդ դեպքը, սակայն հայտնեց, որ Գուրգեն Հայրապետյանին տարբեր գործերով հաճախակի հրավիրում են որպես ընթերակա: Վերջինս հաստատեց նաև ընթերակայի այն ցուցմունքը, որ որպես ընթերակա հրավիրվել է Գորիսի բաժնի պետի տեղակալ Գրիշիկի կողմից:
Ընթերակաների հարցաքննությունից հետո դատական նիստը հետաձգվել էր մինչև նոյեմբերի 4-ը ժամը 15-00, որին կողմերը պետք է ներկայացներին քրեական գործը լրացնելու վերաբերյալ այլ միջնորդություններ, սակայն այն տեղի չունեցավ մեղադրողների բացակայության պատճառով, որոնց բացակայության մասին դատարանին հեռախոսագրով հայտնել են Սյունիքի մարզի դատախազության աշխատակազմից դատական նիստից 2 րոպե առաջ:
Թեև կապ չունի, բայց ի գիտություն նշենք, որ մեղադրողները Կապանի դատարան ներկայանում են Գորիս քաղաքից, որը տևում է մեկ ժամ քսան րոպե, Ա.Մանուչարյանի պաշտպանը՝ Երևանից, ճանապարհի տևողությունը 5-6 ժամ:
Հիշեցնենք. ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը 11.12.2014թ կալանավորվածներին պահելու վայր հանդիսացող ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ տեսակցությունների և հանձնուքների սենյակում տեսակցության ժամանակ ապօրինի իրացրել է որդուն`Մուշեղ Մանուչարյանին, իսկ Մուշեղ Մանուչարյանը մեղադրվում է այն բանում, որ նա առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով թմրամիջոց:
Թողնել մեկնաբանություն