Skip to main content

Բյուջե լցնելու՞, թե ՞ արդարադատության մատչելիությունը սահմանափակելու միջոց

Ըստ նախարարի՝ մինչև 20000 դրամ պետական տուրքը չվերադարձնելու վերաբերյալ դրույթը կկրճատի վճռաբեկ դատարան մուտք գործող բազմաթիվ անհիմն դիմումների քանակը:

 

    Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան՝ Արայիկ Պապիկյանը, ներկայացնում է այս նախագծի վերաբերյալ իր կարծիքն ու մտահոգությունները:

Հասկանալի լեզվով՝ սա նշանակում է՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու դեպքում բողոքի համար վճարված մինչև 20000 դրամ պետական տուրքի գումարը այլևս չի վերադարձվի: Արդարադատության նախարարը այս փոփոխությունը հիմնավորում է հետևյալով՝
դատարանը մատուցում է ծառայություններ.
կկրճատվեն անհիմն դիմումների քանակը.
բազմաթիվ բողոքներ անհիմն են:
Առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա, սակայն միայն առաջին հայացքից: Փոփոխության ընդունման դեպքում գործ կունենաք արդարադատության մատչելիության ուղղակի սահմանափակման հետ:
Դեռևս լուծում չի ստացել փաստաբանների հաշվին բյուջեն լցնելու՝ Արդարադատության նախարարի նախաձեռնությունը, հիմա էլ արդարադատության ոլորտին չառնչվող մեկ այլ հակասահմանադրական նախաձեռնությամբ է հանդես գալիս նախարարը: Կարծես թե Արդարադատության նախարարությունը դարձել է ՊԵԿ-ի կամ Ֆինանսների նախարարության կցորդը՝ բյուջեն լցնելու մասով:
Հերթական օրենսդրական նախաձեռնության ներկայացված հիմնավորումներն էլ ուղղակի անհեթեթ և անտրամաբանական են, որոնք չեն դիմանում ոչ մի քննադատության:
Հանրահայտ է, որ Վճռաբեկ դատարանը՝ ի հեճուկս Սահմանադրական դատարանի որոշումների, բողոքների (գանգատների) ճնշող մեծամասնությունն առանց պարճառաբանման վերադարձնում է. միայն չնչին տոկոսն է վարույթ ընդունվում: Միաժամանակ ոչ բոլոր բողոքներն են ներկայացվում փաստաբանների կողմից. անհատ անձինք (շարքային քաղաքացիները) ևս ներկայացնում են վճռաբեկ բողոքներ: Ըստ նախագծի տրամաբանության՝ ներկայումս բազմաթիվ բողոքաբերներ (այդ թվում՝ փաստաբաններ) իրենց ժամանակի մի մասը վատնում են … անհիմն դիմումներ գրելու վրա: Եվ հիմա արդեն, օրենքի փոփոխության ուժով, նրանք այլևս անհիմն դիմումներ չեն գրի, քանի որ պետական տուրքի գումարը չի վերադարձվելու: Զավեշտ չէ, մտահոգիչ է …

 Ինչ վերաբերում է դիմումների կրճատմանը նպաստելու մասին նախարարի հիմնավորմանը, ապա այն միայն զարմանք է առաջացնում. պետական բարձրաստիճան պաշտոնյաներին մտահոգում է ոչ թե դիմումների քանակի կրճատումը՝ դրանց բովանդակային լուծումներ տալու միջոցով, այլ դրանց քանակի կրճատումը՝ մարդկանց համար անհիմն սահմանափակումներ ստեղծելու միջոցով: Սա փաստորեն «զսպաշապիկ է» քաղաքացիների համար՝ «բողոք չգրեք, այն կվերադարձնենք իսկ տուրքը կմնա պետությանը»:

Աննախադեպ չափերի հասնող աղքատություն ունեցող հասարակության անդամին «սպառնալ»՝ պետական տուրքի գումարը չվերադարձնելով, ոչ թե հասարակական, իրավական կամ սոցիալական խնդիր ենք լուծում, այլ կատարումն ենք հերթական և արդեն սովորական դարձած հակասահամանադրական քայլը (որևէ մեկը մտածե՞լ է արդյոք՝ ինչպե՞ս է 15000 դրամ թոշակ ստացողը վճարում 20000 դրամ պետական տուրք):

Եթե դատարանի՝ ծառայություն մատուցելու հիմքով տուրքի գումարը «պահում ենք» բյուջեում, ապա զուտ ֆինանսական (տնտեսական) տեսանկյունից դարձյալ հիմնավոր չէ: Գաղտնիք չէ, որ բողոքը ներկայացնելու (տուրքը վճարելու) պահից սկսած մինչև տուրքի վերադարձման հարցը լուծելը անցնում է նվազագույնը 4-6 ամիս, երբեմն էլ մեկ տարուց ավելի, հաճախ էլ գումարը չի վերադարձվում: Այս ամբողջ ընթացքում բյուջեն տնօրինում է քաղաքացու վճարած 20000 դրամը՝ անտոկոս ու առանց որևէ սահմանափակման: Սա էլ՝ այսպես կոչված ծառայության հատուցման ավելի քան համարժեք պատասխանը: Իսկ որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե «անհիմն» բողոքների կճրատման հետևանքով բյուջեն որքա՞ն անտոկոս գումարներից է զրկվում:

Եվ ի վերջո, ինչու՞ իմ վճարած 20000 դրամը չի վերադրձվելու, իսկ մեկ այլ անձի վճարած, օրինակ՝ 22000 դրամը պիտի վերադարձվի: Չէ՞ որ երկուսիս էլ «մատուցվել է նույն ծառայությունը». իրականում ոչ մի ծառայություն էլ չի մատուցվել:

Ներկայացված նախագծով, ավելի ստույգ՝ դրա հիմնավորումներով, տպավորություն է ստեղծվում, որ պաշտոնյաները մտահոգված են ոչ թե արդարադատության մատչելիության, դրա նկատմամբ վստահության բարձրացման, իրավական հասարակարգ կառուցելու հարցերով, այլ անհանգստանում են օրեցօր ավելացող բողոքների քանակից, որն իրենց համար ծանրաբեռնված աշխատանքի պատճառ է դառնում և թույլ չի տալիս «հանգիստ» աշխատել:

Եթե «հաջողվի» այս նախագիծն անցկացնել ապա ոչ մի երաշխիք չկա, որ այն չեն տարածի այլ ոլորտներում ևս. դրանք շատ են, չթվարկեմ, կգտնեն:

 

  

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով