Skip to main content

“Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով”

   Հռչակագրի ընդունման անհրաժեշտությունը առաջացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այն թեև ունի խորհրդակցական բնույթ, սակայն դրա հիման վրա մասնակից պետությունները ընդունել են մի քանի համապարտադիր պայմանագրեր:
   Մարդու իրավունքները` անձի իրավական կարգավիճակի հիմքն են հանդիսանում, դրանք իրավունքների և ազատությունների համակցությունն է, որոնք պաշտպանվում են պետության կողմից: Մարդու բոլոր իրավունքներն փոխկապակցված են և անքակտելի, և չի կարող հավասարություն լինել երբ խախտվում է որևէ մեկի անօտարելի իրավունքը, լինի դա քաղաքական կամ քաղաքացիական:
   ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված են` Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պետության պարտականությունը երաշխավորել ու իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրականացումը:
Արդյոք սահմանդրական այս նորմը պետությունը կատարու՞մ է: Այդքան ծանր չէր դիտվի պետության կողմից այն չկատարելը, որքան այն որ պետությունը ոչ միայն չի կատարում, այլ ուղղակիորեն խախտում է մարդու իրավունքները: Սա մերկապարանոց հայտարարություն չէ, սրա համար հիմք է հանդիսանում մեր կազմակերպությանը դիմած բազմաթիվ անձանց դիմումները, որով հայտնում են այս կամ այն պետական մարմնի կողմից իրավունքների խախտման մասին:
   Յուրաքանչյուր տարվա ավարտին ամփոփում ենք Հելսինկյան ասոցիացիային դիմած անձանց քանակը, խնդիրները և մեր կողմից կատարված աշխատանքների արդյունավետությունը: Այս տարի դա որոշվեց կատարել Մարդու իրավունքների միջազգային օրը, քանզի օրվա խորհրդանիշը միայն այն նշելը չէ, այլ վերլուծությունը, ամփոփումը և համեմատությունը նախորդ տարիների հետ:
Ցանկալի կլիներ, որ դիմած անձանց և ահազանգերի քանակը նվազեր, որպիսով կարձանագրվեր մեր պետության կողմից միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը, բայց ավախ այս տարին ևս լի էր մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերով, չեն նվազել խոշտանգումները ոստիկանության բաժիններում, բանակային մահացության դեպքերը, խաղաղ հավաքների ազատության խախտումները, ինչպես նաև ապօրինությունները նախաքննության մարմիններում, դատական համակարգում և քրեակատարողական հիմնարկներում: Տարվա հաջողություններից էր կազմակերպության դիտորդ-ֆոտոլրագրող` Արման Վեզիրյանի նկատմամբ քրեական գործի կարճումը, որին նպաստեցին կազմակերպության փաստաբաններ` Ն.Կարապետյանցն ու Ա.Թորոսյանը, որոշ դիմողների խնդիրներին /կապված վճիռների կատարման, որոշումների տրամադրման և այլնի հետ/ լուծում է տրվել կազմակերպության կողմից պատկան մարմիններին միջնորդություն կամ բողոք ներկայացնելուց հետո: Տրամադրվել է անվճար փաստաբանական ծառայություն մի շարք գործերով, որոշ գործերով էլ դիտորդներն են մասնակցել դատաքննություններին, ինչի արդյունքում էլ արձանագրված խախտումների մասին ևս միջնորդություններ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ Արդարադատության խորհրդին: Բազմաթիվ բողոքներ ենք ստացել Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներից, կապված ոչ պատշաճ բուժում ստանալու, անկախ հանձնաժողովի կողմից անհիմն պայմանական վաղակետ ազատման հարցը մերժելու և այլ հարցերի հետ: Ցավոք բանակում տեղի ունեցած դեպքերով դրական շարժ չկա, մի շարք գործեր այդպես էլ մնացին չբացահայտված:
   Այսպիսով կարելի է ամփոփել, որ ՀՀ-ում  շարունակվում են ոտնահարվել Մարդու իրավունքները, խախտելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, որի համաձայն`
«Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:
Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

   Սակայն դեռևս պետությունն է սահմանափակում մարդու իրավունքները: Երևի  վերը նշված հոդվածի երրորդ մասը սխալ են ընկալել:

  

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով