Skip to main content

Դատախազը Վարդան Սեդրակյանի համար 12 տարի է պահանջել

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվել է ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ իրականացնելու գործով դատավարությունը: Պարույր Հայրիկյանի վրա կրակել էին 2013 թվականի փետրվարի 1-ին` վնասվածք պատճառելով կրծքավանդակի աջ հատվածում:
Ինչպես Epress.am-ին դատարանի դահլիճից հաղորդել է Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Զարուհի Հովհաննիսյանը, մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը Հայրիկյանի սպանության պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի համար 12 տարի է պահանջել: Մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը, ըստ դատախազի, պետք է դատապարտվի 13 տարվա, իսկ մահափորձն իրականացրած Խաչիկ Պողոսյանը՝ 14 տարվա ազատազրկման:
Նշենք, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ Հարությունյանը և Պողոսյանը ասել էին, որ Վարդան Սեդրակյանն իրենց սպանությունը չի պատվիրել, մինչդեռ նախաքննության փուլում նրանք հայտարարել էին, որ պատվերը Սեդրակյանն է տվել: Հունիսի 24-ին կայացրած դատական նիստին Սամվել Հարությունյանը հայտարարել էր, որ ինքը երկար ժամանակ աշխատել է Վարդան Սեդրակյանի մոտ և վերջինս միշտ պայմանավորվածից քիչ փող է իրեն տվել: Սա, ըստ ամբաստանյալի, այնքան է զայրացրել իրեն, որ որոշել է Սեդրակյանին վատություն անել՝ մեծ աղմուկ բարձրացնելով և Սեդրակյանին դրա մեջ ներքաշելով:
Այսօրվա նիստին Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը միջնորդել է իր պաշտպանյալին 43 միլիոն 424 հազար դրամ վճարել որպես վնասի փոխհատուցում: Այդ գումարը պետք է ծախսվի հետագա բուժման համար:
Դատավոր Գագիկ Պողոսյանը ընդմիջում է հայտարարել մինչև ժամը 15:00-ը:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով