«Երիտասարդները հանուն անկախ ու թափանցիկ դատական համակարգի․ մշտադիտարկումը քրեական արդարադատության մեջ» ամփոփ զեկույցի ներկայացում
2021թ․ նոյեմբերի 30-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ամփոփեց հուլիսի 15-ց մեկնարկած «Իրավական ոլորտում վերապատրաստված երիտասարդ քաղաքացիները որպես անկախ և թափանցիկ դատական համակարգի երաշխավորներ» փորձնական ծրագիրը։
Ծրագիրը նպատակաուղղված էր բարձրացնել թափանցիկությունը Հայաստանի քրեական արդարադատության համակարգում՝ մի կողմից խրախուսելով երիտասարդների մասնակցությունը, և մյուս կողմից՝ նպաստելու դատական մշտադիտարկման ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։
Ամփոփիչ աշխատաժողովը, որին մասնակցում էին Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների դատական մշտադիտարկման խմբերի 66 ակտիվ անդամներ, ամփոփեց անցած չորսուկես ամիսների աշխատանքը, ներկայացվեց արդյունքների վերաբերյալ ավարտական զեկույցը։
Հանդես գալով բացման խոսքով՝ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, ծրագրի ղեկավար Նինա Կարապետյանցը ողջունեց մասնակիցներին, ապա անդրադարձավ կատարված աշխատանքին և բարձր գնահատեց երիտասարդների կամքը, եռանդը ու ջանքերը, որոնք նրանք ներդրել են այդ ամիսների ընթացքում՝ իրականացնելով քրեական գործերով ավելի քան 800 դատական նիստերի դիտարկում, գրանցելով դատավորների, դատախազների, կարգադրիչների և փաստաբանների աշխատանքի վերաբերյալ իրենց դիտարկումները։ Այդ աշխատանքը հատկապես կարևոր էր այն առումով, որ դատական համակարգում խնդիրներ են արձանագրվել նույնիսկ դրանցում ներգրավված մեծ թիվ կազմող ոչ իրավագետների կողմից։
Մասնակիցներին ողջունեցին նաև հանդիպման պատվավոր հյուրերը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության Քաղաքական-տնտեսական բաժնի առաջին խորհրդական Քշիշտոֆ Բարտչակը և ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների եվ քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը։
Ողջունելով ներկաներին և նախաձեռնությունը՝ պարոն Բարտչակը բարձր գնահատեց երիտասարդ տարիքում մասնակիցների կողմից դատական մշտադիտարկման գործի նկատմամբ դրսևորած հետաքրքրությունը, կարևորեց ձեռք բերված գիտելիքներն ու կարողությունները, որոնք նրանք թերևս կկիրառեն նաև հետագայում՝ իրենց ապագա աշխատանքում։
Տիկին Հանսելն անդրադարձավ նաև գործի կարևորությանն ու անհրաժեշտությանը մեր երկրում մարդու իրավունքների և արդյունավետորեն գործող ժողովրդավարության կառուցման առումով։ Դրա կարիքը կա ոչ միայն մեր երկրում, այլ նաև ԱՄՆ-ում, որի քաղաքացին է ինքը, և ընդհանրապես ամբողջ աշխարհում, հատկապես հանրային վստահություն ապահովելու գործում։
Հեռավար տարբերակով իր ողջույնի խոսքը մասնակիցներին հղեց նաև ծրագրի ղեկավար, Լեհաստանի Համերաշխության հիմնադրամի ավագ մասնագետ Աննա Ռադեցկան, հայտնելով իր ափսոսանքը, որ հնարավոր չեղավ ներկա գտնվել հանդիպմանը և առերես ողջունելու բոլորին։ Ողջունելով մասնակիցներին, որոնց մի մասին հանդիպել էր նախկինում՝ Վանաձոր կատարած այցի ժամանակ, ինչպես նաև հյուրերին ու կազմակերպիչներին՝ տիկին Ռադեցկան բարձր գնահատեց կատարված հսկայական աշխատանքը, որը մի կողմից ուղղված էր մասնակիցների առողջ իրավական մտածողության ու վարքագծի ձևավորմանը, մյուս կողմից բացահայտելու դատական համակարգում առկա խնդիրներն ու բացթողումները։
Հանդիպման երկրորդ մասում ներկայացվեց ծրագրի շրջանակներում կազմված «Երիտասարդները հանուն անկախ ու թափանցիկ դատական համակարգի․ մշտադիտարկումը քրեական արդարադատության մեջ» ամփոփ զեկույցը։ Զեկույցը կազմող՝ կազմակերպության մշտադիտարկման հարցերով մասնագետ Արա Ղարագյոզյանը ներկայացրեց ՀՀ երեք քաղաքներում գործող խմբերի կողմից արձանագրած մեծաթիվ խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկներ։
Զեկույցը կտրամադրվի ՀՀ իշխանություններին, ինչպես նաև միջազգային լայն հանրությանը։ Ծրագրի մասնակիցները հույս հայտնեցին, որ այդ առաջարկները չեն անտեսվի և կարձագանքնվեն պատկան մարմինների կողմից բարեփոխումների և ժամանակին լուծումների ձևով։
Այն նաև շուտով հասանելի կլինի հայերեն երկար, և անգլերեն կարճ տարբերակներով Հելսինկյան ասոցիացիայի և ծրագրի համագործակից կազմակերպությունների կայքէջերում և սոցիալական ցանցերում։
Հանդիպումն ավարտվեց երիտասարդների համար հաճելի պահով՝ ծրագրի մասնակիցներին շնորհվեց հավաստագիր ակտիվ մասնակցության համար։ Շնորհակալագրեր տրվեցին Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Լալա Միրզոյանին և «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի իրավաբան Վանուհի Գասպարյանին՝ ծրագրի շրջանակներում ցուցաբերած արդյունավետ համագործակցության և աջակցության համար։
Ծրագիրն ավարտվեց, սակայն երիտասարդներից շատերը հույս հայտնեցին, որ հնարավորություն կընձեռնվի հետագայում ևս ընդգրկվելու կազմակերպության ապագա ծրագրերում՝ ավելի խորացնելու ստացված գիտելիքներն ու կարողությունները արդարադատություն իրականացնող տարբեր մարմինների՝ ոստիկանների, դատավորների, դատախազների, այլոց հետ հանդիպումների և քննարկումների միջոցով։
Թողնել մեկնաբանություն