Խաղաղ հավաքների ազատությունը որպես ժողովրդավարական հասարակության անկյունաքար
Խաղաղ հավաքների ազատությունը ժողովրդավարական հասարակության անկյունաքարերից մեկն է։ Այն մարդու հիմնարար իրավունք է, որն ամրագրված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ մարդու իրավունքների միջազգային մի շարք փաստաթղթերով։
Գոյություն ունեն հանրային հավաքների բազմազան ձևեր, որոնք պաշտպանվում են խաղաղ հավաքի իրավունքով: Դրանց թվում են հանդիպումները, հանրահավաքները, ցույցերը, երթերը, ֆլեշմոբերը եւ այլն:
Հավաքները լինում են ինչպես նախապես պլանավորված, այնպես էլ ինքնաբուխ։ Ինքնաբուխ հավաքը կարող է տեղի ունենալ, երբ ինչ-որ հրատապ կամ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել։ Օրինակ՝ ստորագրվել է պետության համար ոչ բարենպաստ պայմանագիր կամ որոշվել է շահագործել ՀԷԿ։
Խաղաղ հավաքների ժամանակ քաղաքացիների անվտանգությունը, ըստ կարգի, ապահովում է ոստիկանությունը։ Սակայն նախորդ տարվա ընթացքում ականատես ենք եղել, թե ինչպես են խախտվում անձանց խաղաղ հավաքներին մասնակցելու եւ ազատ խոսքի իրավունքը։ Եղել են խաղաղ հավաքներ, որոնց ժամանակ բերման են ենթարկվել 100-ից ավելի անձինք, խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել են վահաններ, մահակներ, հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներ։
Ի դեպ, բացառությամբ որոշ դեպքերի, հավաքների մեծ մասը կրել է բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պարտավոր էին աջակցել դրանց անցկացմանը։ Սակայն ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ, ոստիկանությունը գործել է օրենքի կոպիտ խախտումներով, օրինակ, առանց նախնական զգուշացման ոստիկանների կողմից կիրառվել են նռնակներ։
ՀՀ օրենսդրության համաձայն՝ ցանկացած դեպքում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը պետք է ունենա իրավաչափ նպատակ, և այն պետք է լինի խիստ համաչափ։ Հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի բացառիկ միջոց։ Բացի այդ՝ ոստիկանության ծառայողը հատուկ միջոց գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել այն գործադրելու մասին՝ բավարար ժամանակ և հնարավորություն տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողների կյանքի ու առողջության համար, կարող է առաջացնել այլ ծանր հետեւանքներ, կամ երբ այդպիսի նախազգուշացումն անհնար է։
Իրավապահ մարմինները 2022 թվականի ամբողջ տարվա ընթացքում միջամտել են հավաքների ազատությանը: Այդ մասին իր տարեկան զեկույցում անդրադարձել է նաեւ հեղինակավոր Human Rights Watch կազմակերպությունը։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունն արձանագրել է, որ ոստիկանությունը բազմիցս կիրառել է անհամաչափ ուժ ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ։
2022-ի օգոստոսին Երևանի ոստիկանությունն առանց բացատրության կարճ ժամանակով բերման է ենթարկել մոտ 20 մարդու, ովքեր բողոքում էին Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դեմ։ Իսկ սեպտեմբեր ամսին ոստիկանությունն արգելել է բողոքի ակցիան Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ ըստ մեր տվյալների կարճ ժամանակով ազատազրկելով երեք ակտիվիստների:
Ոստիկանի համազգեստի և համազգեստի վրա անհատականացնող տվյալների առկայությունն օրենքի պահանջ է։ «Ոստիկանության մասին» օրենքի 12-րդ հոդվածը կարգավորում է ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելու ժամանակ։ Ըստ այդ հոդվածի 2-րդ մասի՝ «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»։ Օրենքի նման կարգավորմամբ քաղաքացին կարող է ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է: Անհատականացնող տվյալների պարտադիր լինելը և դրանց տեսանելիությունը հստակորեն սահմանված են նաև ԵԱՀԿ-ԺՄԻԳ Խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում. «Իրավապահ անձնակազմը հավաքների ժամանակ պետք է տեսանելիորեն կրի կամ ցուցադրի նույնականացման որևէ ձև իր համազգեստի կամ գլխարկի վրա: Այն դեպքում, երբ հավաքի ժամանակ ներկա իրավապահ մարմինների աշխատակիցներն այս կերպ չեն կարող նույնականացվել, նրանք պարտավոր են հարցնելու դեպքում ներկայանալ իրենց ազգանունով և կրծքանշանի համարով»:
Մինչդեռ խաղաղ հավաքների ժամանակ քաղաքացիները բազմիցս նկատել են քաղաքացիական հագուստով կամ առանց տարբերանշանների ոստիկանության աշխատակիցների, որոնք աչքի են ընկել հավաքի մասնակիցների նկատմամբ առավել դաժան վերաբերմունքով եւ ագրեսիվ վարքագծով։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման ենթարկեցին 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողների, որոնք ցանկանում էին արգելել վարչապետ Փաշինյանի մուտքը պանթեոն՝ նշելով, որ նա է համարվում իրենց որդիների մահվան մեղավորը։
Ոստիկանությունը նրանց բերման էր ենթարկել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանները որեւէ պահանջ չեն ներկայացրել։ Նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաեւ՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որը հետագայում հաստատվել է նաեւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։ Մինչ օրս վերոնշյալ դեպքի առթիվ որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Դեռ ավելին ՝ ծնողներին պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին 2021/22թթ․ զեկույցում նշում է, որ խաղաղ հանրահավաքներ ու բողոքի ցույցեր հիմնականում թույլատրվել են ամբողջ տարվա ընթացքում։ Հունվար ամսին կառավարությունը չեղարկել էր հանրային առողջության և արտակարգ իրավիճակների մասին օրենքների հետ կապված սահմանափակումների մեծ մասը՝ ներառյալ հանրային հավաքների սահմանափակումները, որոնք սահմանվել էին անվտանգության նկատառումներով և կորոնավիրուսային համավարակի պատճառով։
Իսկ այս տարի, թեև սահմանափակումների վերացմանը, օրինակ, հունվարին Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ մի խումբ ցուցարարների մասնակցությամբ ի նշան Բերձորի միջանցքի արգելափակման դեմ կազմակերպված բողոքի խաղաղ հավաքն ապօրինաբար ընդհատվել է ոստիկանների կողմից։ Վերջիններս արգել են ցուցարարներին մասնակցել կազմակերպված հավաքին և ոչ իրավաչափ հիմքերով նրանց բերման են ենթարկել՝ խախտելով անձանց՝ խաղաղ հավաքների ազատության հիմնարար իրավունքը։
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիրքորոշումը, որի համընկնումն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Թողնել մեկնաբանություն