Խոշտանգման գործով արդարացման դատական ակտը բեկանվել է
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշել է բեկանել ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանի գործով դատական ակտը։
Գերասիմ Մարդանյանը մեղադրվում է խոշտանգման մեջ։ Ըստ մեղադրանքի՝ հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, Գերասիմ Մարդանյանը 2017թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության Իջեւանի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին։ Ըստ գործի նախաքննության՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանին ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին: Ոստիկանության աշխատակիցների պահանջով Վահրամ Սիմոնյանի եղբայրը՝ Ժորա Սիմոնյանը, ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժին է տեղափոխել եղբոր վարած ավտոմեքենան, որից հետո ոստիկանները նրան ուղեկցել են Իջևանի բաժնի աշխատասենյակներից մեկը: Այնուհետև աշխատասենյակ է մտել հիշյալ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանը և ենթադրելով, որ Ժորա Սիմոնյանը նույնպես մասնակցել է ապօրինի ծառահատմանը, եղբոր հետ գտնվել է նույն ավտոմեքենայում ու չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին, այդ արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է վերջինիս. ապտակել է դեմքին, ոտքերով հարվածել որովայնին եւ ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Սակայն 2018 թ փետրվարի 6-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանն արդարացրել էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանին։
Գործով տուժող Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ դատավոր Մնացական Հարությունյանը որոշել է մասնակիորեն բավարարել թե իր, եւ թե դատախազ Վարդգես Սարգսյանի բողոքները եւ գործն ուղարկել նոր քննության։ Սակայն ինչ ծավալով պետք է քննություն իրականացվի, դեռ պարզ չէ, որոշումը չեն ստացել։ Արա Ղարագյոզյանի համար նախընտրելի կլիներ, որ դատարանն ամբողջությամբ բավարարեր բողոքը՝ ճանաչելով խոշտանգման փաստը։ Ըստ նրա՝ դատավոր Զոյա Զաքինյանին հավատ չէր ներշնչել ինչպես դատաբժշկական փորձաքննության արդյունքները, այնպես էլ տուժող Ժորա Սիմոնյանի եւ նրա ընտանիքի անդամների ցուցմունքները։ Սակայն դատավորն արժանահավատ էր համարել գործով ամբաստանյալ Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ոստիկանների ցուցմունքները։
Ի դեպ, ՄԻԵԴ-ը խոշտանգման գործերով բազմիցս արձանագրել է, որ դատարանները պաշտոնյանների ցուցմունքներն ավելի արժանահավատ են համարում, քան տուժողների ցուցմունքները, իսկ դա համարվում է ՄԻԵԿ-ի 3-րդ հոդվածի խախտում։
Թողնել մեկնաբանություն