Skip to main content

Հարցազրույց՝ Վ․Նովոդվորսկայայի հետ․ 1992 թ․

-Ինչպիսի՞ն է Ձեզ համար 1992-ը:
-Արտաքինից` բարեհաջող, հոգեբանորեն` խիստ վհատեցնող, բարոյապես` ոչ լիարժեք: Ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ ազատությունը ոչ բոլորին է հարկավոր: Ռուսաստանը ծայրահեղ եսասեր երկիր է, նա իր նախկին գաղութների մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ նրանք իրեն պետք են: Իսկ երբ նրանց է ինչ-որ բան պետք, այնտեղ Ռուսաստանը գործ չունի: Նա մատը մատին չի խփի, երբ նրանց պետք է փրկել: Ուրիշ բան, եթե ուժեր ունենար այդ կենսական տարածքները նորից գրավելու, նա անմիջապես կհիշեր Հայաստանի և Վրաստանի տեղը քարտեզի վրա, իսկ այսպես նա առայժմ փոքրիկ գարշելիություններ է անում, ինչի հետևանքով զոհվում կամ վերջնական հուսահատության են հասնում հազարներ, իսկ Տաջիկստանի օրինակով` հարյուր հազարներ: Լավ կլիներ, որ նախկին գաղութները` սկսած Բալթիկայից մինչև Միջին Ասիա միավորվեին և վերջապես զգացնել տային, որ չի կարելի ծանր սապոգով հավերժորեն տրորել մարդկության դեմքը:
-Դուք շարունակում եք զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ: Որքան հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով Զվիադ Գամսախուրդիայի խորհրդականն եք: Դուք խորհրդական եք դարձել մինչև՞ հեղաշրջումը, թե՞ հեղաշրջումից հետո:
-Եթե ես նրա խորհրդականը լինեի մինչև հեղաշրջումը, կարծում եմ, հեղաշրջում չէր լինի: Սակայն ես չեմ կարող խորհրդականը լինել իշխանության գլուխ կանգնած մարդու: Դա միանգամայն անընդունելի է իմ այլախոհական բարոյականության տեսակետից: Մեր կուսակցությունը` Դեմոկրատական միությունը, օգնության է հասնում միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը շատ վատ վիճակում է: Մենք ոչ թե իշխանության գլուխ ենք գալիս, այլ գալիս ենք իշխանությունից զրկվածներին օգնության: Երբ Գամսախուրդիան նորից այլախոհ դարձավ, թեև նա նախագահ եղած ժամանակ էլ շարունակում էր մնալ այդպիսին, ինձ համար հնարավոր դարձավ նրա հետ աշխատել որպես ընկերոջ: Ցավոք, քանի դեռ մարդը նախագահ է, նա ոչ միշտ կարող է հասկանալ` ինչի մասին ենք խոսում մենք` արհեստավարժ այլախոհներս:
– Տաջիկստանում այժմ տապալում են կոմունիստական իշխանությունը: Եթե հաղթեն դեմոկրատները, Դուք դարձյալ կօգնե՞ք պարտվածներին:
-Տաջիկստանում իրադրությունը միանգամայն այլ է: Այստեղ գործնականում հաղթանակ տարան դեմոկրատները և իսլամական ուժերը: Եվ ահա, երբ Տաջիկստանը շանս ուներ ոչ կոմունիստական երկիր դառնալու, միջամտեց «մեծ եղբայրը» իր 201 դիվիզիայով և պաշտպանեց քրեական տարրերին ու կոմունիստներին, որոնք այսօր պարզապես փողոցներում գնդակահարում են մարդկանց, որովհետեւ նրանց ինչ-որ մեկն Արեւմուտքից ասել է, որ իսլամական ֆունդամենտալիզմի վտանգ կա: Ալժիրյան աղմկոտ քաղաքականությունը կիրառվեց Տաջիկստանում: Ի դեպ, այդ ֆունդամենտալիստները Տաջիկստանում միանգամայն բարեկիրթ մարդիկ են և չեն պատրաստվում իրենց մոտ կառուցել փարաջաներով, բռնությամբ, մահապատժով ու նման բաներով լի մաքուր Արևելք: Անհամեմատ ավելի բարեկիրթ են, քան իշխանության գլուխ կանգնածները: Այդ պատճառով, ես վատ եմ պատկերացնում, թե այնտեղ ու՞մ խորհրդականը կարելի է լինել: Ըստ էության այնտեղ կային մի քանի հարյուր դեմոկրատներ, իսկ հիմա երևի արդեն ոչ ոք կենդանի չի մնացել: Դժբախտ, ճնշված ժողովուրդը գտնվում է սիլախական քաղաքակրթության մակարդակին և դժվար թե հասկանա, թե ինչ է պահպանողականությունը և ինչ է կոմունիզմը, իսկ իսլամական վերածննդի կուսակցությունը բավականաչափ հակադիր է իմ հայացքներին, որպեսզի ես կարողանամ օգնել նրանց որևէ այլ կերպ, քան որպես իրավապաշտպան:
-Ինչպե՞ս եք մեկնաբանում Լիտվայի սահմանադրական «հեղաշրջումը»:
-Ցավալի է: Նրանք, ովքեր վազեցին Բռազաուսկասի հետևից, հույս ունենալով, որ նա իրենց ինչ-որ ձևով կկերակրի, կհաշտվեն «մեծ եղբոր» հետ: Դրանց մարդիկ էին, ում հենց սկզբից թվում էր, թե անկախությունը մի մեծ բլիթ է, այլ ոչ զոհեր, զրկանքներ, որևէ բանի սեփական աշխատանքով հասնելու անհնարություն: Գուցե նրանց վրա իր ազդեցությունը թողեց «Սոցուդիսի» ագիտացիոն կամպանիան: Գուցե նրանք հենց սկզբից պետք է ասեին ժողովրդին, որ անկախությունը զոհաբերություն է, որովհետև ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը սկսի փակել խողովակները, իսկ նա բավականաչափ ստոր է դրա համար, այստեղ պետք կլինի ձգել գոտիները:
Անկասկած սա քայլ է դեպի հետ: Սա պարտություն է: Սա Լիտվայի պահպանողական, մեծահոգի քաղաքականության հետևանքն է: Իսկ Էստոնիան ու Լատվիան, որոնք ժամանակին իրավունք չտվեցին զավթիչների սերունդներին, ընտրությունների ժամանակ այդպիսի անակնկալներ չեն ունենա: Լիտվան ամենամեծահոգին եւ վեհանձն էր և ահա թե ինչ ստացավ:
-Ծանո՞թ եք արդյոք մեր տարածաշրջանի իրադրությանը, Հայաստանի ներքին պրոբլեմներին:
-Ես գիտեմ ողջ իրադրությունը: Ինձ թվում է, որ Հայաստանն իր շահեկան ազգային իրավիճակից ելնելով` լուրջ չվերաբերվեց Ռուսաստանից ամբողջապես անջատվելու գաղափարին: Արդյունքում նա այսօր չունի ռեալ անկախություն: Դա, իհարկե, չի նշանակում, որ խորհրդային զորքերն այնտեղ ինչ-որ բանի են խառնվում, ձեզ մոտ նրանք այդ բանը ուղղակիորեն չեն անում, բայց ձեզ հնարավորություն կտան հանգիստ մեռնել սովից և շարունակել այդ խելահեղ պատերազմը Ադրբեջանի հետ մինչև Ղարաբաղի բնակիչների ոչնչացում: Այս ամենը նրա համար, որ դուք հուսացիք Ռուսաստանի օգնությունը: Իսկ նրա օգնության վրա հույս դնել չի կարելի: Նա երբեք չի օգնի թուլացողին: Նա երբեք չի օգնի արդար կողմին: Նա միշտ կօգնի նրանց, ում շահեկան է օգնելը: Նա Արևմուտքից շատ արագ յուրացրեց այդ եսասիրական մեթոդը: Ահա թե ինչու է ինձ թվում, որ պետք է դադարել նրա վրա հույս դնելուց և սարսափի ու ռիսկի մեջ ապրելուց:
-Հնարավո՞ր է արդյոք կայսրության վերածնունդը:
-Հնարավոր է, որովհետեւ Ռուսաստանն այժմ գործում է «ուրեմն թող ոչ ոքի կհասնի» բանաձևի մակարդակով: Տեսեք ինչ է կատարվում Վրաստանում, նայեք Լիտվայի եւ Տաջիկստանի իրադրությանը: Մինչև վերջնական թուլացման հասցնելով հանրապետությունները, ռուսական կայսրությունն անշուշտ հույս ունի հետ ստանալ իր հին գաղութները: Իսկ գուցե Ռուսաստանում դա չեն էլ թաքցնում: Սկսած Ազգային փրկության ճակատից` ներառյալ ազգայնամոլության այնպիսի ներկայացուցիչ, ինչպիսին Ռումյանցևն է, չեմ կասկածում, որ նրանք, ովքեր բավականաչափ կտանջվեն և սոված կմնան, հետ կսողան: Իսկ ավելի ուժեղ ազգայնամոլներն անգամ դրան չեն սպասում, նրանք պատրաստ են ուժի դիմել, պատրաստ են վերցնել ոչ միայն Լիտվան, այլև Բուդապեշտը:

Հարցազրույցը` DM PRESS գործակալության

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով