Հիվանդ ամբաստանյալին ստիպել են սպասել դատարանում մինչև բոլոր նիստերի ավարտը
Գևորգյանին դատարանի դահլիճ են տեղափոխել արդեն իսկ վատ առողջական վիճակում և նրա համար շտապօգնություն են կանչել: Ինչպես Epress.am-ին հայտնել է դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը, Հրաչ Գևորգյանը վերջին 10 օրերին ջերմություն է ունեցել։ Նա դիմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը՝ իրեն բժշկական օգնություն ցույց տալու համար, սակայն ոչ մի պատասխան չի ստացել: Գևորգյանը պատմել է, որ ինքը նաև աչքերի հետ կապված խնդիր է ունեցել։ Դատապարտյալը նշել է, որ կուրանում է, և իրեն վիրահատություն է հարկավոր։ Բացի դա, նա խնդրել է վիրահատական ճանապարհով որովայնից հանել մեխը, որն ի նշան բողոքի նա ավելի վաղ կուլ էր տվել, սակայն նրա այդ դիմումները նույնպես մնացել են անպատասխան:
Դատական նիստն անժամկետ հետաձգվել է, սակայն հիվանդին բժշկական օգնություն ցույց տալուց հետո թողել են դատարանում՝ ստիպելով, որպեսզի նա սպասի մինչև «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բերված մյուս ամբաստանյալների դատերը ևս կավարտեն: Բոլոր ամբաստանյալներին միասին ՔԿՀ կտեղափոխեն երեկոյան՝ 18.00-ից հետո:
Տեղեկատվությունը` epress.am-ի:
Թողնել մեկնաբանություն