Skip to main content

Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխաւոր քարտուղար Քոֆի Անանը

Օգոստոսի 19-ին, 80 տարեկան հասակում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Նա գանացի դիվանագետ էր, ով 1997-2006թթ. զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Անանը առաջին սևամորթն էր, ով զբաղեցրել է այդ պաշտոնը: Այն նա համարում էր «աշխարհում ամենադժվարն ու ամենահետաքրքիրը»: 2001թ. Քոֆի Անանն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, որը նրա բազմամյա աշխատանքի ճանաչումն է: Նրա զբաղեցրած վերջին պաշտոններից էր ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի դեսպանորդի աշխատանքը՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով:

«Ես հսկայական պատասխանատվություն եմ զգում և միևնույն ժամանակ հասկանում եմ, որ իմ առջև դժվարագույն խնդիր է դրված, որի լուծման հարցում ես կարող եմ ապավինել ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին և իմ գործընկերներին»: Այսպես է նա ներկայացրել իր պատասխանատվությունը: ՄԱԿ-ում նրա գործունեությունն ուղղված էր աշխարհում խաղաղության և անվտանգության, մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստատմանն ու կյանքի պայմանների բարելավվմանը: Իր ողջ կյանքի ընթացքում նա ձգտել է աշխարհը դարձնել ավելի լավը, քան այն գոյություն ուներ: Աշխարհը խաղաղության կարիք ունի, իսկ նրա կյանքը ցույց տվեց, որ հնարավոր է հասնել դրան:

Հելսինկյան ասոցիացիան միանում է Քոֆի Անանի մահվան առիթով իրենց ցավակցությունը հայտնող աշխարհի տարբեր երկրների հասարակական և քաղաքական բարձրաստիճան գործիչներին, դիվանագետներին, իրավապաշտպան կազմակերպություններին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով