Նախաքննական մարմինն արհամարհում է դատարանի նախադեպային որոշումը
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանն ամիսներ առաջ աննախադեպ որոշում է կայացրել․ նա ճանաչել է արդեն 10 տարի առաջ, ըստ պաշտոնական վարկածի, գլխուղեղում կայծակնային կերպով առաջացած ուռուցքից մահացած Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը եւ պարտավորեցրել վարույթն իրակացնող մարմնին նրան տրամադրել գործի նյութերը։ Արթուրի ծնողները երկար ժամանակ է, ինչ պարբերաբար բարձրաձայնում են՝ իրենց որդուն սպանել են։ Վերաբացված գործի նյութերին ծանոթանալու բողոքը դատարան էր ներկայացրել «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Այս որոշումը դատավորը կայացրել էր կողմերի բավականին երկար քննարկումներից հետո։ Փաստաբանն սա շրջադարձային եւ իրավունքի զարգացման տեսանկյունից բավականին լուրջ քայլ են համարում, քանի որ իրավապահ մարմինները, դատախազությունը եւ քննչական մարմինները, կայուն ձեւավորված պրակտիկայի համաձայն, նախաքննության գաղտնիքի անվան տակ, գործի նյութերը չէին տրամադրում տուժող կողմին։
Դատախազությունն էլ չբողոքարկեց որոշումը եւ այն մտավ օրինական ուժի մեջ։
Սակայն մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչները կարծես արհամարհում են այս նախադեպային որոշումը։ Նախաքննական մարմինը բավարարվել է Արթուր Ղազարյանի մասով գործի նյութերը միայն տուժող կողմին տրամադրելով։ Մյուս գործերով գործում է նույն ձեւավորված պրակտիկան։
Փաստաբանը զբաղվում է նաեւ 2018 թ․ մայիսի 6-ին սահմանամերձ Տավուշի «Մեհրաբներ» զորամասում սպանված զինծառայող, արմավիրցի Լևոն Թորոսյանի գործով։
Ըստ պաշտոնական վարկածի՝ Լեւոն Թորոսյանին ինքնասպանության են դրդել։ Սակայն հարազատները չեն հավատում այդ վարկածին։ Լեւոնի մարմնի վրա առկա են եղել բազմաթիվ վնասվածքներ, արյունազեղումներ, կապտուկներ։
Այս գործով եւս գործում են սահմանափակումները։ Քննիչը հրաժարվել է տուժող կողմին ծանոթացնել իրենց կողմից վկայակոչված վկայի հարցաքննության արձանագրությանը, իսկ հետագայում մերժել է նաև գործի նյութերին ծանոթանալու մասին միջնորդությունը։
Քննիչի որոշումներն Արայիկ Պապիկյանը բողոքարկել է հսկող դատախազին՝ բողոքին կցելով նաեւ նմանատիպ գործով դատարանի կայացրած որոշումը։ Որքան էլ զարմանալի է, դատախազը ոչ միայն մերժել է բողոքը, այլ նաեւ մերժման համար որեւէ հիմնավորում չի ներկայացրել։
«Պետք է փաստենք, որ նույն իրավիճակի վերաբերյալ դատախազներն ու քննիչները տարբեր վերաբերմունք եւ մոտեցումներ ունեն։ Չեմ ուզում ասել՝ չեն հասկանում, բայց դիտավորություն, նախաքննության նկատմամբ անփույթ վերաբերմունքի որոշակի միտում կա»,- ասում է Արայիկ Պապիկյանը։
Աայնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կարծես նախաքննական մարմինը ծանոթ չէ դատարանի որոշմանը։ «Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է դատարանի, այլ նաեւ իր մասնագիտութան հանդեպ։ Դատախազն առանց պատճառաբանության ակտ է կայացնում, դրանով ցույց է տալիս արհամարհական վերաբերմունք գործի նկատմամբ»։
Նախաքննության ընթացքում գործի նյութերին չի կարողանում ծանոթանալ նաեւ փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Ըստ պաշտոնական վարկածի՝ 2018 թ․ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» լոգարանում ինքնասպանություն գործած Արմեն Աղաջանյանի գործով բողոքն արդեն ութ ամիս է դատարանի վարույթում է։ Մինչ այդ՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը քննիչին եւ դատախազին ներկայացրել էր կյանքի իրավունքի խախտման գործերով ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումը, ըստ որի տուժող կողմը պետք է հենց առաջին պահից ներգրավված լինի գործի նախաքննությանը։ Սակայն այդ որոշումն էլ քննիչի եւ դատախազի համար նշանակություն չի ունեցել։ Պատասխանը մեկն է եղել՝նախաքննության փուլում իրավունք չունեն ծանոթանալ գործի նյութերին։
Բողոքն այն նույն դատավորի վարույթում է, ով բավարարել էր Արթուր Ղազարյանի մոր՝ Իրինա Ղազարյանի իրավունքների խախտման փաստը եւ պարտավորեցրել վարույթն իրակացնող մարմնին տրամադրել գործի նյութերը։
«Տեսնենք այս անգամ դատավոր Հարություն Մանուկյանն ինչ որոշում կկայացնի»,- ասում է Արա Ղարագյոզյանը։
Դատարանի նախադեպային որոշումը վկայակոչելով՝ փաստաբանը ցանկացել է ծանոթանալ ոստիկանության բաժնում խոշտանգված Տիգրան Կարապետյանի գործի նախաքննության նյութերին, սակայն կրկին մերժում է ստացել։ Ներկայացված բողոքով դեռ նիստի օր նշանակված չէ։
«Հելսիկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը դատարանի որոշումը չկիրառելը համարում է դատական համակարգի խնդիրներից մեկը։ Նա ցավով է հիշում, որ նույնիսկ Վճռաբեկ դատարանի որոշումներն են օգտագործվել ըստ նպատակահարմարության։
«Պետք է ձեւավորվի մեկ միասնական մոտեցում։ Դատախազությունն էլ պետք է կարգադրի, որ նմանատիպ գործերով լինի միասնական մոտեցում։ Չի կարելի թույլ տալ, որ գործի նկատմամբ սուբյեկտիվ մոտեցում դրսևորվի։ Սա շատ կարեւոր է»,- հավելում է իրավապաշտպանը։
Փաստաբան Նինա Կարապետյանցը չի կարծում, որ հարցը չի քննարկվել դատախազի հետ, քանի որ առանցքային եւ հիմնարար խնդրին դատարանի կողմից տրվել է լուծում։ Հետեւաբար սա պետք է տարածվեր եւ կիրառության դրվեր ամբողջ համակարգում։
Ի պատասխան «Իսկ ինչո՞ւ չի արվում» հարցին փաստաբանը մի քանի խնդիր է թվարկում․
«Ոչ ճիշտ կազմակերպված աշխատանքն է։ Մյուս խնդիրը դատախազության գերագնահատումն է։ Դատախազությունն իրեն շատ բարձր է դասում, թեև միայն դատավարության մի կողմ է համարվում։ Դատարանի որոշումները պետք է պարտադիր լինեն բոլորի համար»։
Ըստ Նինա Կարապետյանցի՝ դատական համակարգը պետք է ցույց տա իր կարեւորությունը՝ ապահովելով պարտադրի որոշումների կիրառումը։ Դատախազությունը պետք է կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը, գործել իրավունքի գերակայության սկզբունքով։
Թողնել մեկնաբանություն