Skip to main content

Արբակ Բաբասյանի գործով վկաների նախաքննական և դատաքննական ցուցմունքներում կան էական հակասություններ

Մեր զրուցակիցը նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին իրո հոր Մոսկվա մեկնելու պատճառով Գրիգորյանից գումարը հետ  ստանալու գործընթացով սկսում է զբաղվել ինքը:

«Ես, դեկտեմբերի առաջին օրերին գնացի Գրիգորյանի մոտ, նա ասաց, որ դեկտեմբերի 21-ին պետք է այդ գումարն ամբողջությամբ հետ տա: Ըստ պայմանավորվածության, ես ամսի  21-ին գնացի, նա ասաց, որ հորս հետ պայմանավորվածություն ունի, որ պետք է ոչ թե ամսի 21-ին այլ ամսի 26-ին տա, քանի որ ինչ-որ տեխնիկական  խնդիրներ ունի: Դեկտեմբերի 26-ին դարձյալ գնացի նրա մոտ հանդիպեցի, ասաց որ հունվարի վերջերին է հերթական պայմանավորվածությունը, ես ասացի, որ նրա ոչ մի խոսքին էլ չեմ հավատում և պայմանավորվեցինք, որ դեկտեմբերի 28-ին նա պետք է ամբողջ գումարը հետ տա: Այդ օրը երեկոյան գնացի նրա մոտ և նրա ընդունարանում երբ առանձնացանք, նա բացահայտ քցողի ստրատեգիայով սրեց իրավիճակը, հրեց, հայհոյեց, սադրանք առաջացրեց և նրա հրելուց հետո ես նրան մի անգամ հարվածել եմ, որից հետո ինքն է ինձ երկու անգամ ոտքով հարվածել: Հրեցի ընկավ գետնին այդ պահին աղմուկի վրա ներս մտան մարդիկ՝ մի քանի աշխատակիցներ և նրա ընկերը և ես զայրացած դուրս եմ եկել: Նա նույն պահին զանգել էր հորս և բողոքել, թե աչքն է կուրացել, հաջորդ օրը իբրև թե մեջքն է թուլացել և այլն:  Այնուհետև նա ոստիկանությունում հաղորդում է տվել,  որ ես գնացել և իրեն  ծեծել եմ»,- նշեց Արբակ Բաբասյանը:

Դրանից հետո Արբակ Բաբասյանին հունվարի 2-ին  հրավիրում են ոստիկանություն՝ բացատրություն տալու ծեծի վերաբերյալ, սակայն այդ օրը նա ոչինչ չի գրում և ասում է, որ կխորհրդակցի իր փաստաբանի հետ նոր բացատրություն կտա: Եվ երբ հունվարի  երկուսից հետո գնացել է, որ բացատրություն տա հետաքննիչն իրեն ասել է, որ Գրիգորյանը  ևս մեկ հայտարարություն է տվել, որ Բաբասյանը Գրիգորյանի գրպանից 3000 դոլար գումար է գողացել: Դա եղել է արդեն դեպքից ութ օր անց:

«Երբ ես ծանոթացա նաև Գրիգորյանին տված դատաբժշկի եզրակացությանը, տեսա, որ այնտեղ որևէ ծանր մարմնական վնասվածքի մասին խոսք չկար և սա այլևս չէր կարող  շանտաժի միջոց հանդիսանալ և միանգամից մեջ եկավ այդ գողության  հայտարարությունը: Գործում երեք ակտիվ վկաներ կան,  որոնք դեպքի ժամանակ անմիջապես մտել են ներս՝ մեկը նրա քրոջ աղջիկն էր, երկրորդը՝ իր հեռավոր ագզականն է, երրորդը՝ իր աշխատակիցներից գանձապահն է, որոնք տվել են շատ տարբեր ցուցմունքներ: Գրիգորյանի աշխատակից Արաքսյան նույնիսկ ասել է, թե տեսել է, որ ես իբր թե  Գրիգորյանի գետնին գտնվելու ժամանակ նրա ծոցագրպանից հանել եմ ծրարը: Իսկ վկաներից Վոլոդյա Կոդաբաշյանը, որն ամենավերջինն է մտել, տեսել է, որ իբրև թե ես  ձեռքերով ու ոտքերով Գրիգորյանին մի քանի տասնյակ հարվածներ եմ հասցրել, հետո նոր մտել եմ գրպանը, ծրարը հանել եմ ու հեռացել:

Գործով անցնող այս երեք վկաները բացահայտ շահագրգիռ անձինք են՝ միմյանց հետ հանցավոր համաձայնության եկած, երեքն էլ տեսել են տարբեր բաներ: Նրանք ունեցել են պարզ հաշվարկ,  որ կարևորը գողության փաստ արձանագրվի, որ Գրիգորյանը որպես բողոք կարողանա ներկայացնել»,- ասաց Արբակ Բաբասյանը:

Ինչ վերաբերում է  դատարանում ցուցմունք տվող վկա Հովհաննես Կարապետյանին, Արբակ Բաբասյանն ասաց, որ նրա ցուցմունքներում առկա էին բազում հակասություններ: Նշենք, որ այս վկան դատարանում ցուցմունք տալուց մի քանի անգամ  նույն հարցին տվեց տարբեր պատասխաններ, հետո ասաց, որ չի հիշում:

Խոսելով նաև գործով անցնող մեկ այլ վկայի մասին՝ Արբակ Բաբասյանն ասաց, որ միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերին, ակտիվ քննչական գործողությունները տեղի են ունեցել հունվար-փետրվար ամիսներին , սակայն, հանկարծ մարտի վերջերին հայտնվում է  ևս մի վկա,  որը  Գրիգորյանի մտերիմներից է, և Գրիգորյանի  վատառողջ լինելու պատճառով գողության մասին հաղորդումը ինքն է տարել ոստիկանություն:

Սակայն, Արբակ Բաբասյանի խոսքերով՝ բնականաբար ոչ մի դիմում  չի տվել, քանի որ չի հայտնաբերվել, թե ում է տվել այդ դիմումը:

«Երկու ամիս հետո գետնի տակից  բուսնած վկան ուզում է մյուս կողմի դիրքորոշումը հաստատել, բայց ավելի է վնասում  գործին: Իսկ քննիչի անգործությունը տվյալ պահին միտում է, թե՞  տգիտություն՝  որակումը թող տա դատարանը»,- ասաց Արբակ Բաբասյանը:

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ երբ  քննիչը գործը փակել  է իր մեղադրական եզրակացության մեջ եղել է միայն մեկ հոդված՝ խուլիգանություն, իսկ գողության մասով Բաբասյանին մեղադրանք չի ներկայացվել  և դա պատճառաբանվել է, որ քննության ընթացքում բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել:

«Միևնույն ժամանակ որևէ իրավական գնահատկան չտվեց այն պայծառատես վկաներին, որոնք ակնհայտ  սուտ ցուցմուքներ էին տալիս, գոռում էին, գրում էին, տակն էլ ստորագրում էին, որ իրենք տեսել են, որ ես ձեռքս մտցրել ու Գրիգորյանի ծոցագրպանից փող եմ հանել: Դրանից տասը օր հետո երբ ես տարածքային դատախազությունից ստանում եմ մեղադրական  եզրակացությունը՝ դրանում երկրոդ հոդվածը նորից բուսնեց:

Հիշեցնենք, որ Արբակ Բաբասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 117 հոդվածով  և 177 հոդվածով: Նշենք նաև, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել գործով անցնող վկա Վլադիմիր Կոդաբաշյանին: Իդեպ, տուժող Լևոն Գրիգորյանն այսօրվա դատական նիստին չէր ներկայացել և գրություն էր ուղարկել դատարան, որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկայանալ:

Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 19-ին, ժամը 10.00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով