« Ցանկություն կա ունենալ սեփական գրպանի հարմար դատավորներ»
Դատավորներ Աննա Փիլոպոսյան, Սուրեն Անտոնյան, Ռուբեն Վարդազարյան, Զարուհի Նախշքարյան, Ալեքսեյ Սուքոյան, Դավիթ Հարությունյան, Աստղիկ Խառատյան, Արտակ Բարսեղյան եւ Տիգրան Պետրոսյան: Այս դատավորների լիազորութունները ԲԴԽ-ն դադարեցրել է մեկ տարվա ընթացքում։
Միայն Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն են դադարեցվել Գագիկ Ջհանգիրյանի, իսկ մյուս 8 դատավորներինը՝ Կարեն Անդրեասյանի նախագահության ժամանակ։
ԲԴԽ որոշմամբ՝ դատավորները դատական համակարգից հեռացվել են տարբեր պատճառաբանություններով՝ էական կարգապահական խախտման, Ռուբեն Վարդազարյանի դեպքում հիմք է հանդիսացել արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործը, իսկ 12 տարի պաշտոնավարած դատավոր Դավիթ Հարությունյանը, ըստ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի, վարկաբեկել է դատական իշխանությունը, վտանգել է դատարանի անկախությունն ու անաչառությունը, կասկածի տակ է դրել դատական ակտերը։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի խոսքերով՝ ԲԴԽ-ն հերթական իրավիճակային լուծումն է գտնել, որը գլոբալ, մեծ փոփոխության չի կարող բերել։ Մի դեպքում Արդարադատության նախարարությունը անհասկանալի պատճառներով մերժում է վարույթ ընդունել գործերը եւ հետագայում այդ բողոքներով դիմել ԲԴԽ-ին, մյուս դեպքում, երբ ոչ ցանկալի դատավորներ են լինում, հետեւողական են լինում անգամ լիազորություններից զրկելու այդ մարդկանց։
«Հետեւաբար խտրական վերաբերմունքն ինձ համար ակնհայտ է։ Հերթական իրավիճակային լուծումն է։ Սա բովանդակային փոփոխության բերել չի կարող։ Բոլոր դեպքերում հստակ, ընդլայնված բոլոր տեսանկյունները հաշվի առնող մոտեցումներ չկան, կան իրավիճակային լուծումներ, դա ոչ մի լավ բանի բերել չի կարող»,- ասում է Նինա Կարապետյանցը։
Նրա խոսքերով՝ քաղհասարակության ներկայացուցիչները տեսնում, լավ տիրապեում են իրավիճակին, բայց անհասկանալի պատճառներով նախընտրում են լռել։ Իրավապաշտպանը հիշում է ԲԴԽ նախագահ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի զեկույցը, երբ նշել էր, որ դատավորները հստակ գումար էին վճարում, ամեն պաշտոն որոշակի գումար արժեր։ «Հետեւաբար դատավորները նախընտրում էին խելոք մնալ, խելոք աշխատել, ենթարկվել համակարգին, որովհետեւ պետք է այնքան փող աշխատեին, որ կարողանային այդ պարտքերը տային։ Նախկինում իրենց հրահանգները չկատարող դատավորները լիազորություններն էին դադարեցվում, տրամաբանությունը նախկինի պես նույնն է։ Կրկին հրահանգներ չկատարող, չենթարկվող դատավորներից են փորձելու ազատվել։ Խնդիրը այն է, որ կարեւոր դերակատարներ նախկինից մնացած շարունակում են ոչ միայն պաշտոնավարել, այլ նաեւ շարունակում են նոր պաշտոններ ստանձնել»,- ցավով նշում է Նինա Կարապետյանցը։
Նա հիշում է քաղաքական որոշումներ կայացրած դատավոր Մնացական Մարտիրոսյանին, երբ ԲԴԽ-ն որոշել էր նշանակել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր․ «Դրանից ավելի մեծ ծաղր, ավելի մեծ ֆիասկո դժվար է պատկերացնել։ Երբ մեծ աղմուկ բարձրացավ, Մնացական Մարտիրոսյանը դիմում գրեց, հրաժարվեց այդ պաշտոնից, բայց փոխարենը, որպես փոխհատուցում նշանակվեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
«Հիմա հարց է ծագում այդ ի՞նչն են բարեփոխում, որ Մնացական Մարտիրոսյանին կողմ են քվեարկում այն մարդիկ, ում համար կողմ են քվեարկել ՔՊ-ականները, որոնք իբր պետք է գային եւ բարեփոխում անեին։ Մնացական Մարտիրոսյանը վատ իմաստով ամենաճանաչված դատավորներից մեկն է, բայց այդպիսի դատավորներ բազմիցս կան, որոնք պարբերաբար բարձրացել են վերեւ՝ Վերաքննիչ, Վճռաբեկ, Հակակոռուպցիոն դատարան։ Այն դեպքում, երբ հանրային հարթակներում իրենց գործունեության վերաբերյալ հնչել են ոչ միայն զանցաքներ, բացթողումներ, այլ նաեւ կատարվել են հանցանքներ»,- նշում է Նինա Կարապետյանցը։
Ըստ նրա՝ ցանկություն կա ունենալ մաքսիմում կառավարելի դատական համակարգ՝սեփական գրպանի հարմար դատավորներ։ Կամ ստեղծել առնվազն այնպիսի քաոս, որի պայմաններում գործող իշխանություններից եւ որեւէ մեկը, որեւէ պատասխանատվության ենթարկվելու հնարավորություն չի ունենա, որովհետեւ բազմաթիվ դեպքեր են գրանցվել։
Փաստաբան Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ դատական համակարգում պետք է վեթթինգ եւ լյուստրացիա իրականացնել, այլ ոչ թե խտրական վերաբերմունք ցուցաբերել։
Ըստ նրա՝ կան դատավորներ, որոնց կայացրած վճիռները ՄԻԵԴ-ը անարդար է որակել, սակայն լիազորությունները չեն դադարեցվել։
Իսկ պաշտոնանկ արված դատավորները գանգատներ են ներկայացրել ՄԻԵԴ։ Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն կիրառել լիազորությունները դադարեցված 7 դատավորի գանգատները քննելու հարցում, եւ դրանք կքննվեն մեկ վարույթում:
Սույն հոդվածը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հոդվածում արտահայտված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիրքորոշումը, որի համընկնումն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
Թողնել մեկնաբանություն